Հայաստանի հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ կարեն Կարապետյանի կառավարության մեկամյա գործունեությունը։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, կուսակցության գործադիր մարմնում քննարկել են Կարապետյանի կառավարության մեկամյա հաշվետվությունը։ «ՀՀԿ-ն դրական է գնահատում կաբինետի մեկամյա գործունեությունը։ Հստակ թվեր են ամրագրված։ Վեց տոկոսից ավելի տնտեսական ակտիվություն կա, տուրիզմի, արտահանման աճ կա։ Թե ԵԱՏՄ շուկայում, թե եվրոպական ու իրանական շուկայում արտահանումն ավելացել է։ Այն չափորոշիչները, որ մենք ամրագրել ենք պետբյուջեի նախագծում, դրանք անկասկած կատարվելու են»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Քաղաքական մեծամասնության առաջարկած 850 մլն դոլար ներդրումից արդեն 45 տոկոսը կատարված է։ Ընդ որում, հաշվված չեն մասնավոր ներդրումները։ Եթե դա էլ հաշվենք, թիվը ավելի բարձր կարող է լինել։ ՀՀԿ եւ ՀՅԴ կառավարությունը մեկ տարում ինտենսիվ աշխատում է, դրական ենք գնահատում»։