Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ` սեպտեմբերի 15-ին Արտաշատի Բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ժամը 12:00-ին նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ աջ նախաբազկի շրջանի կտրված - պատռված վերք, ձախ բազկի, նախաբազկի հոդի շրջանում կտրված - պատռված վերք ախտորոշմամբ, եւ կրծոսկրի շրջանի աջ կողմի ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արտաշատ քաղաքի բնակիչներ 16-ամյա Վոլոդյա Հ-ն եւ 18-ամյա Ալբերտ Մ-ն:

Արտաշատի ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցի 156 շենքի մոտից, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրանց դանակով հարվածել է Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 15-ամյա Էրիկ Պ-ն, որը հայտնաբերվել է եւ տեղափոխվել Ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ հետո հանձնվել է ծնողներին:

Կայքի տեղեկություններով` վիրավորներից Վոլոդյա Հ-ն սովորում է Արարատի մարզի տարածաշրջանային քոլեջի 1-ին կուրսում, Ալբերտ Մ-ն եւ էրիկ Պ-ն նույնպես ուսանողներ են: