Արտաշատի քաղաքապետի ընտրություններում թեկնածու առաջադրելու որոշում դեռեւս  ունի միայն իշխող Հանրապետական կուսակցությունը։  Խորհրդարանական ուժերից «Ծառուկյան» դաշինքը եւ «Ելք» դաշինքը դեռեւս նման որոշում չունեն։  «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց, թե որեւէ թեկնածու չի կարող խոչընդոտել ԲՀԿ–ի թեկնածուի առաջադրվելուն, սակայն դեռ առաջադրվելու վերաբերյալ որոշում չունեն։

«Քաղաքապետի հարցի հետ կապված որոշում  դեռ չկա, երբ որ կլինի քննարկում եւ որոշում լինի  այդ հարցի վերաբերյալ, տեղյակ կպահեմ»,–ասել է նա։

Հարցին՝ հնարավոր է ՀՀԿ–ական թեկնածուի մասնակցությունը  խոչընդոտ լինի ԲՀԿ–ի համար, նա պատասխանել է. «Որեւէ թեկնածուի առաջադրում երբեւէ խոչընդոտ չի եղել  «Բարգավաճ Հայաստանի» գործունեության մասով։ Այս օրերին մեր քաղխորհրդի բազմաթիվ անդամներ տարբեր համայնքներում հանդիպում են կուսակցական ակտիվի հետ ու քննարկում կուսակացական ակտիվի հետ մասնակցության հարցը, որովհետեւ որեւէ բան ինքնանպատակ չի կարող լինել։ Այս պահին դեռ պաշտոնական որոշում չկա»։ 

Նշենք, որ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում որոշել է առաջադրել կուսակցության՝ Արտաշատի երիտասարդական կառույցի ղեկավար, Արտաշատի ավագանիի անդամ, «Էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը: