Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՄԱԿ ամբիոնից ելույթ ունենալիս Թուրքիային մեղադրել է Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիվ քաղաքականության, իսկ Իսրայելին՝ ահաբեկիչներին աջակցելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Թուրքիան Էրդողանի օրոք դեռեւս պահպանում է իր ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի ժողովրդի դեմ եւ շարունակում է ապրել  պատրանքով, որ ահաբեկիչները կծառայեն Սիրիայում եւ տարածաշրջանի երկրներում նրա ավերիչ օրակարգին»,- ասել է նա։

Սիրիայի ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը հակասում է Ռուսաստանի եւ Իրանի դրական եւ կառուցողական դերին։

Մուալեմը Իսրայելին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ։ «Իսրայելը հրապարակավ միջամտում էր Սիրիայի ճգնաժամին։ Իսրայելը թաքֆիր ահաբեկչական խմբավորումներին բոլոր ձեւերով աջակցում էր եւ հարվածներ էր հասցնում Սիրիայի բանակի ուղղությամբ՝ ծառայելով ահաբեկիչների շահերին»,- հավելեց նա։