Թուրքիայի խորհրդարանը արտահերթ նիստում հավանության է արժանացրել վարչապետի կողմից ներկայացված Իրաքում եւ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու օրինագիծը։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում Պաշտպանության նախարարը ներկայացրել է Իրաքում եւ Սիրիայում ռազմական գործողություններ թույլատրող օրինագծի  եւս մեկ երկարացման անհրաժեշտությունը՝ շեշտելով այդ երկրներից Թուրքիայի անվտանգությանը սպառնացող տարրերի դեմ պայքարը։

Օրինագծին բացի իշխող կուսակցությունից խիստ աջակցություն են հայտնել նաեւ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորները։

Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը դեմ է հանդես եկել՝ շեշտելով, որ այդ օրինագիծը բացահայտ թշնամանք է աշխարհում ապրող բոլոր քրդերի դեմ։

Նշենք, որ օրինագիծը թուրքական զինված ուժերին թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում գործողություններ իրականացնել երկրի սահմաններից դուրս։