Սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել եւ ելույթ է ունեցել «Երիտասարդության ներգրավվածությունը՝ որպես ընդգրկուն հասարակությունների կառուցման եւ խաղաղության պահպանման օղակ» ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի նախարարական հանդիպմանը։

Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ իր խոսքում նախարարը, մասնավորապես, ասել է. «Ներդրում կատարելով երիտասարդության մեջ՝ ներդրում ենք կատարում ապագայի մեջ: Երիտասարդների մտքերի եւ սրտերի համար պայքարը որոշիչ է ապագա հասարակությունների ձեւավորման համար: Քաղաքակրթությունների դաշինքի նպատակների թվում է ապագայի կառուցումը խաղաղ, սոցիալապես առավել ընդգրկուն աշխարհում՝ զերծ պատերազմներից, հակամարտություններից եւ բաժանարար գծերից: Ցավոք, անհանդուրժողականություն սերմանողները եւ ատելություն քարոզողները թիրախավորում են երիտասարդներին, ձգտում ծայրահեղական դարձնելով՝ օգտագործել նրանց որպես իրենց զազրելի նպատակներին հասնելու միջոց:

Իր երկրի երիտասարդությանը նպատակաուղղված եւ հետեւողականորեն ծայրահեղականացնող ղեկավարությունը հեռու է իր հասարակությունը խաղաղությանը նախապատրաստելուց։ Ավելին, այն նպաստում է թշնամանքի ու ատելության վրա հիմնված միջավայրի ձեւվորմանը, ինչը հակառակ է Քաղաքակրթությունների դաշինքի նպատակներին»: