Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի միջեւ սեպտեմբերի 25-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց կինեմատոգրաֆիայի ոլորտում  համագործակցության համաձայնագիրը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմից փաստաթուղթը վավերացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, իսկ իրանական կողմից ՝ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն  Ալիռեզա Թաբեշը։ Երկու կառույցների պատասխանատուները հույս հայտնեցին, որ համաձայնագիրը կարեւոր խթան կհանդիսանա  նոր կինոգրծընթացների զարգացման համար։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքերով, նոր փաստաթուղթն արդեն ունեցած Իրան-Հայաստան երկարամյա մշակութային համգործակցությունն էլ ավելի ընդլայնելու եւ խորացնելու հնարվորություններ է ընձեռում։ Իսկ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն  Ալիռեզա Թաբեշն ավելի քան համոզված է,  որ այս համաձայնագիրը նոր փուլ է բացելու երկու երկրների կինոոլորտների գործակցության համար։

Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի  գործակցության  բազմազան ուղղություններ, այդ թվում՝  կինոարտադրության հատվածում ՝ սկսած սցենարի զարգացումից մինչեւ հետարտադրական  փուլ,  կրթական ծրագրերի իրականացում երկու երկրներում, հայ-իրանական կինոշուկայի ձեւավորում,   ֆիլմերի տարածում, փառատոնային գործակցությունների զարգացում, երկու երկրներում  կինոյի օրերի անցկացում եւ  այլն։