ՀՀ ԱԻՆ փրկարարները ներգրավված են սեպտեմբերի 24-30-ը Բոսնիա եւ Հերցեգովինայում անցկացվող ՆԱՏՕ-ի միջազգային դաշտային վարժանքին: «Բոսնիա եւ Հերցեգովինա 2017» խորագրով վարժանքը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնի (EADRCC) կողմից:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տարերային աղետների հետեւանքների վերացման 18-րդ միջազգային դաշտային վարժանքին այս տարի մասնակցում է 30 երկիր: ՀՀ ԱԻՆ պատվիրակության կազմում կա 22 փրկարար, որոնք ներկայացնում են ՓԾ բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման ու փրկարարական ուժերի վարչությունները, Աղետների բժշկության կենտրոնը, հատուկ ջրափրակարար ջոկատը եւ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը:

Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած բացման արարողությանը պաշտոնապես ազդարարվել է «Բոսնիա եւ Հերցեգովինա 2017» խորագրով վարժանքի մեկնարկը:

Ըստ վարժանքի սցենարի՝ Բոսնիա-Հերցեգովինայի հյուսիս-արեւելքում հորդառատ անձրեւների հետեւանքով գետերը վարարել են, կա ջրամբարների փլուզման վտանգ եւ մերձակա բնակավայրերին սպառնում է ջրհեղեղը: Լեռան լանջերին սողանքների պատճառով մոտակա շինությունները փլուզվում են, կան պայմանական զոհեր ու տուժածներ: Սցենարի համաձայն՝ աղետի հաջորդ օրը գրանցվում է նաեւ ուժեղ երկրաշարժ՝ հանգեցնելով մարդկային եւ նյութական մեծ կորուստների: Երկրի իշխանություններն օգնության խնդրանքով դիմում են միջազգային հանրությանը:

ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնը (EADRCC) նմանատիպ վարժանք է կազմակերպում ամեն տարի: 2010 թ. վարժանքն անցկացվել է Հայաստանում, եւ մասնակցել է 20 երկիր: