Արտասահմանցի ներդրողները պատրաստ են Հայաստանի եվրապարտատոմսերը գնել արդեն 2 տոկոսային կետով ավելի էժան։ Այս մասին սեպտեմբերի 25-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն արժեթղթերի առաջին թողարկումն իրականացրել է 2013 թվականին՝ 700 մլն դոլարի չափով, 7 տարով եւ 6.25 տոկոս եկամտաբերությամբ։ Հիմա եկամտաբերությունը շուկայում 4.45-4.5 տոկոս է կազմում։

Երկրորդ թողարկումը եղել է 10 տարով, 500 մլն դոլարով եւ 7.25 տոկոս եկամտայնությամբ։ Եկամտաբերությունը նվազել է մոտ 2 տոկոսային կետով։  «Դա նշանակում է, որ  ներդրողները պատրաստ են դրանք գնել անգամ քիչ եկամուտով, քանի որ նրանց գրավում է հուսալիությունը։ Իսկ միջազգային ներդրողներին դատարկ բառերով չես համոզի։ Հետեւաբար նրանց գրավում է մակրոտնտեսական կայունությունը»,– հավելեց Արամյանը։