Անհրաժեշտ է պայքարել միջազգային ռոումինգի չեղարկման համար՝ սկսելով Եվրասիական տնտեսական միության երկրներում այն չեղյալ համարելուց: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության (ԴՀԾ) ղեկավար Իգոր Արտեմեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ներկայումս ԴՀԾ-ն եւ «մեծ քառյակի» օպերատորները ՌԴ-ում ռոումինգի չեղարկման աշխատանքներ են կատարում: Գերատեսչության պահանջի համաձայն՝ ընկերությունները պետք է մինչեւ դեկտեմբերի 15-ը վերացնեն տան տարածաշրջանում եւ Ռուսաստանի ներսում ուղեւորությունների դեպքում սակագների տարբերությունը:

ՌԴ հաղորդակցության եւ կապի նախարարությունը օպերատորների հետ մշակում է նաեւ ԵՏՄ երկրների միջեւ ռոումինգի չեղարկման հարցը: 2017 թվականի հունիսի 15-ից Եվրամիությունը չեղյալ է համարել ԵՄ բջջային կապ ընկերությունների բաժանորդների համար ռոումինգի համար վճարելը:

Արտեմեւը նշել է, որ անհրաժեշտ է սկսել ԵՏՄ ներսում ռոումինգի չեղարկումից: «Վերջնարդյունքում մենք պետք է էականորեն պայքարենք, որպեսզի ընդհանրապես միջազգային ռոումինգ չլինի»,- ասել է Արտեմեւը:

Նրա խոսքով՝ միջազգային ռոումինգի չեղարկումը «լուսավոր ապագա է»:

«Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, անհրաժեշտ է ձգտել, որ մոտակա 2-3 տարում նման որոշումներն ընդունվեն»,- հավելել է նա: