Գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 25-ին մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2017) միջազգային գիտաժողովը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Ողջունելով մասնակիցներին` նախարարը կարեւորեց նմանատիպ գիտաժողովի անցկացումը ՏՏ եւ կոմպյուտերագիտության ոլորտի գիտական շփումների եւ փորձի փոխանակման տեսանկյունից։

«Չափազանց կարեւորում եմ այնպիսի արդիական ոլորտներին վերաբերող ենթագիտաժողովի անցկացումը, ինչպիսիք գերհամակարգչային հաշվարկներն ու մեծ տվյալներն են (big data-ն)։ Այդ երկուսը գիտական եւ կիրառական հետազոտությունների եւ ինովացիայի շարժիչ ուժերից են»,- ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ընդգծեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Բացման խոսքով մասնակիցներին դիմեցին նաեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու «CSIT» գիտաժողովի նախագահ, ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը։

«CSIT»-ն անցկացվում է արդեն 20 տարի: Հիմնական նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ շփվելու եւ տարածելու  կոմպյուտերագիտության տեսական  ու կիրառական արդյունքները, քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները եւ դրանց լուծման եղանակները»,- ասաց Յուրի Շուքուրյանը։

Գիտաժողովին մասնակցելու համար 20 երկրից Հայաստան են ժամանել արտասահմանցի գիտնականներ, ովքեր հայ գործընկերների հետ ներկայացրել են 100-ից ավելի գիտական հոդվածներ։ Դրանք վերաբերում են ավանդական տեսական եւ կիրառական ոլորտներին։

«Գալիս են աշխարհի առաջավոր երկրների գիտական կառույցների ներկայացուցիչները, կիսվում վերջին տարիների կոմպյուտերագիտության, եւ առհասարակ ՏՏ ոլորտի ձեռքբերումներով։ Դա նպաստում է այս բնագավառում գիտական աշխատանքի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը։

«Գիտական արդյունքների ներդրում տնտեսության մեջ». սա նախարարի հիմնական ակնկալիքն է այս եւ նմանատիպ այլ գիտաժողովներից։

«CSIT»-ն կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջ, պլենար, զուգահեռ նիստերի հետ միաժամանակ կիրականացվեն աշխատանքային գիտաժողովներ` տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջմենթի, տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի եւ Սփյուռքի գիտնականների համագործակցության եւ գիտական չափագիտության ուղղություններով։