Ռուսաստանցի Հայրապետյան եղբայրները  հաղթել են բրիտանական Discovery Science գիտահանրամատչելի հեռուստաալիքի մանկական նորարարությունների համահայկական մրցույթում։ Նարեկ եւ Սամսոն եղբայրները խուլուհամրերի համար հատուկ սարք են ստեղծել, որը ճանաչում է դրանց ժեստերը եւ վերածում ձայնի։ Իսկ զրուցակիցների բառերը հոլոգրաֆիկ տեսախցիկի միջոցով հեռարձակվում է էկրանի վրա։

Խրախուսող մրցանակներ են ստացել նաեւ Հայաստանից 2 թիմ։ Գյումրեցի 12-ամյա դպրոցական Նարեկ Հարությունյանը վիրտուալ շփման համակարգի համար մրցանակի է արժանացել։ Այն վերստեղծում է տարբեր վայրերում գտնվող  մարդկանց եռաչափ պատկերները եւ ներկայացնում մեկ տեղում։ «Օրինակ, ես Գյումրիում եմ, իմ մի ընկերը Աթենքում է, մյուսը՝ Փարիզում է, բայց մենք ուզում ենք հանդիպել Դրեզդենում։ Ծրագիրը էկրանի վրա բերում է այն վայրը, որտեղ մենք ուզում ենք հանդիպել, եւ կազմում է մեր եռաչափ պատկերները»,– նշել է Նարեկը։

Ժյուրին խրախուսել է նաեւ «Այբ» դպրոցի աշակերտներ Անի Ազնաուրյանին, Արեն Ազնաուրյանին եւ Դավիթ Աբրահամյանին։ Նրանք աշխատում են բույսերի արմատների միջոցով ազդանշաններ ուղարկելու գաղափարի վրա։

Հայաստանում մրցույթի հովանավոր Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, շնորհավորելով ապագա գիտնականներին եւ ինժեներներին, ասել է. «Ձեր աշխատանքը մեր եւ ձեր բարեկեցիկ ապագան է։ Մի քանի տարուց դուք իմ տեղում կլինեք, իսկ ձեր տեղում նոր երեխաներ կլինեն»։