Իրաքի Քուրդիստանում անկախության հանրաքվեի հետեւանքով շատ հավանական է տարածաշրջանում անկառավարելի իրավիճակ ստեղծվի։ Այս մասին սեպտեմբերի 26-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ նա նշեց, որ ԱՄՆ–ը փորձում է բացառել տարածաշրջանում անկառավարելի գործընթացները։ «Դրանք նշանակում են քաոս, իսկ Մերձավոր Արեւելքը Եվրոպա չէ։ Մերձավոր Արեւելքում քաոսը նշանակում է մարդասիրական աղետ, ցեղասպանություն»,– նշեց Մեհրաբյանը։ Նրա կարծիքով համանման դիրքորոշում ունի նաեւ ԵՄ–ն։ «Արեւմուտքը կակտիվացնի իր լծակները, որպեսզի տարածաշրջանում հակամարտող կողմերը դուրս չգան քաոս տանող ճանապարհի վրա։ Տարածաշրջանը պայթեցնել ցանկացող կողմի ես այս պահին չեմ տեսնում»,– հավելեց Ռուբեն Մեհրաբյանը։

Հիշեցնենք, որ ձայների մոտ 9 տոկոսի հաշվարկից հետո քվեարկողների ավելի քան 93 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը։