Հեռանկարային է Ռուսաստանի հետ առողջապահական բիզնեսի կազմակերպման ոլորտում ծրագրերի իրականացումը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը գործնական եւ կառուցողական է բնութագրել Հայաստանի ու Ռուսաստանի առողջապահական գերատեսչությունների համագործակցությունը, որը համահունչ է երկու երկրների առանձնահատուկ փոխհարաբերությունների տրամաբանությանը: Վարչապետը ողջունել է Երեւանում Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի անցկացումը եւ անդրադարձել ՀՀ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնց նպատակը ժամանակակից, որակյալ եւ հասցեական առողջապահական համակարգի ստեղծումն է եւ առողջապահական բիզնեսի համար տարածաշրջանային հարթակի ձեւավորումը:

ՌԴ առողջապահության նախարարը գոհունակություն է հայտնել այսօր մեկնարկած Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի աշխատանքների ընթացքից՝ նշելով, որ օրակարգում ընդգրկված են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ըստ նրա՝ համաժողովը լավ հարթակ է՝ առողջապահության ոլորտում  փոխգործակցության հետագա ուղղությունները նախանշելու համար:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել դեղագործության, առողջապահական բիզնեսի կազմակերպման ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը: Վերոնիկա Սկվորցովան իր հերթին նշել է, որ ռուսաստանյան կողմը եւս հետաքրքրված է այս բնագավառներում գործակցության զարգացմամբ եւ պատրաստակամություն է հայտնել քննարկելու համատեղ հետագա քայլերը: Կողմերը համակարծիք են եղել հաճախակի փոխայցելություններ կազմակերպելու հարցում, որոնք հնարավորություն կտան տեղում ծանոթանալու երկու երկրներում առողջապահական համակարգերի բարեփոխումներին ու զարգացման միտումներին, բժշկական կազմակերպությունների գործունեությանը, ուսումնասիրելու առողջապահական բիզնեսում ներգրավման հնարավորությունները: