Ղազախստանը հետաքրքրված է ընդերքի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ղազախստանի «Ղազգեոլոգիա» ազգային երկրաբանական հետազոտական ընկերության կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Ելդար Տագաշին։ 

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են ընդերքի ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Ընկերության կառավարման խորհրդի նախագահի տեղակալը նախարարին ներկայացրել է «Ղազգեոլոգիա» ընկերության գործունեության ոլորտները, անդրադարձել արտասահմանյան տարբեր ընկերությունների հետ համագործակցությանն ու ներումային ծրագրերի իրականացմանը։

Ելդար Տագաշը Աշոտ Մանուկյանին տեղեկացրել է նաեւ ընդերքի ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն ծավալելու իրենց հետաքրքրությունների մասին։

Ողջունելով Ղազախստանի ազգային երկրաբանական հետազոտական ընկերության մտադրությունները՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել փոխգործակցության հաստատմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը: