Այս տարի ռուսական մարզական մամուլում Մոսկվայի «Սպարտակից» ոչ պակաս քննակվող թիմերից էր նաեւ Մոսկվայի «Արարատը»։ Թիմը հիմնադրվել է այս տարի եւ միանգամից իր աղմկոտ տրանսֆերներով գրավել ողջ մեդիա դաշտի ուշադրությունը։ «Արարատը» սկսեց ձեռք բերել Ռուսաստանի հավաքականի նախկին աստղերին, որոնք չնայած ֆուտբոլային կարիերայի իրենց լավագույն տարիները արդեն ապրել են, միեւնույն է, միշտ հետաքրքրության կենտրոնում են։ «Արարատն» իր ամառային հավաքն անցկացրեց Ավստրիայում, ինչը նույնպես մեծ քննարկումների տեղիք տվեց։ Երկրորդ լիգայի թիմերն այդպիսի ճոխություններ իրենց թույլ չեն տալիս։

Առաջնության մեկնարկին «Արարատը» հանգիստ հաղթանակներ էր տոնում, բայց շատերին հուզող հարցն էր՝ ո՞ւմն է այս նախագիծը եւ մինչեւ ուր այն կարող է գնալ։

Ամպերը երկնքում շուտ կուտակվեցին։ «Արարատի» նախագահ Վալերի Հովհաննիսյանը, ով ի դեպ առաջին անգամ չէ, որ ֆուտբոլային սկանդալների ու խառը պատմությունների կենտրոնում է հայտնվում, հերթական անգամ ստիպեց խոսել իր մասին։ Պարզվեց, որ նա թիմի գումարներն է յուրացրել, իսկ ակումբը կփակվի։ Նախագիծը դեռ չսկսած, ամեն բան կարծես ավարտվում էր։

Իսկ «Արարատը»... ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ցանկացած բան, որը կրում է «Արարատ» անունը, հայերի համար շատ թանկ է։ Հատկապես ֆուտբոլում, որտեղ մենք ունեցել ենք ամենամեծ նվաճումները հենց «Արարատ» անունը կրող թիմի հետ։

Այսօր Երեւանի «Արարատը» հեռու է երբեմնի իր փառքից, իսկ հայերը ցանկանում են հաղթանակներ ու «Արարատ»։ Այդ պատճառով էլ Մոսկվայի «Արարատը», որն արդեն իսկ հայտարարել էր իր մեծ հավակնությունների մասին, մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Մի կողմից հավակնությոններ ու «Արարատ», մյուս կողմից՝ սկանդալներ։

Ի վերջո, բոլոր խնդիրները լուծվեցին հօգուտ թիմի։ Հովհաննիսյանը հեռացավ, իսկ «Արարատը» շարունակում է իր գոյությունը։ Թիմը գլխավորում է Ռուսաստանում այս պահին ամենահայտնի հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, ով նույնպես հանդիսացել է Երեւանի «Արարատի» մոլի երկրպագու ու մեծ հայրենասեր։

Իր հարցազրույցներում նա բազմիցս նշել է, որ երազում էր գլխավորել Երեւանի «Արարատը» եւ օգնել նրան բարձրանալ։ Այս պահին նա «Արարատում» է, բայց ոչ երեւանյան։ Եվ մինչ Երեւանի «Արարատը» Հայաստանի առաջնությունում ամեն տարի ցուցադրում է գրեթե նույն արդյունքը, Մոսկվայի «Արարատը» իր առջեւ նպատակ է դրել դուրս գալ Առաջին լիգա։ Իսկ սեպտեմբերի 25-ի «Տորպեդոյի» հետ խաղն էլ կարեւորագույն էր, քանի որ հանդիպելու էին աղյուսակի առաջատարները։ «Արարատը» բաց թողնելով երկու գնդակ, կարողացավ come back անել ու հաղթել այս խաղում 3-2 հաշվով։ Այժմ թիմն իր հիմնական հակառակորդից վեց միավորով առաջ է, իսկ սա արդեն մեծ քայլ է դեպի Առաջին լիգա։

Սկանդալային դեպքերից առաջ «Արարատի» սեփականատերերի մասին ոչ ոք չէր խոսում. այժմ արդեն պարզ է, որ թիմի հիմնական ներդրողներից մեկը News Media հոլդինգի բաժնետեր ու տնօրեն Արամ Գաբրիելյանովն է։ Նա բացահայտել է նաեւ մյուս ներդրողների անունները՝ Ռուսաստանի ամենահարուստ հայ գործարար Սամվել Կարապետյան եւ «Ավիլոնի» սեփականատեր Կամո Ավագումյան։

Առաջին հայացքից թիմը չպետք է ունենա ֆինասական խնդիրներ։ Իր առջեւ դրված նպատակներն «Արարատը» այս պահին բարեհաջող իրականացնում է։

«Արարատին» լրացուցիչ ուշադրություն է ապահովում գլխավոր մարզչի գործոնը։ Ալեքսանդր Գրիգորյանը ռուսական մարզական մամուլի ամենասիրելի կերպարներից մեկն է։ Նրա ասուլիսներին գալիս են բազմաթիվ լրագրողներ, թեեւ սա Ռուսաստանի Երկրորդ լիգայի առաջնության խաղերն են։ Անգամ «Տորպեդոյի» հետ խաղի ժամանակ, երբ ռուս երկրպագուները հայհոյանքներ էին վանկարկում նրա հասցեին, Գրիգորյանը խաղից հետո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց իր հեռախոսահամարը։ Ով իրեն հայհոյում էր, թող զանգեն ու անձամբ իր հետ լուծեն հարցերը։ Իրեն իսպաներեն հարցեր տվող լրագրողին նա պատասխանում է իսպաներով։ Ամեն դեպքում լրագրողները միշտ ստանում են թարմ լուրեր, մարզիչը միշտ անկեղծ է ու սրամիտ։ Ինչպե՞ս կարող է մամուլը չսիրել այսպիսի մասնագետին․․․

Քանի որ «Տորպեդոյի» երկրպագուները Ռուսաստանում համարվում են ամենաագրեսիվն ու ծայրահեղականը, «Արարատ» - «Տորպեդո» խաղին հայկական կողմը նույնպես բազմամարդ էր՝ անգամ Երեւանից մեկ ավտոբուս հայ երկրպագուներ էին ժամանել։ ՖԱՖ ֆուտբոլային շարժման ակտիվիստները երկու օր ճանապարհին էին անցկացրել, որպեսզի գան ու սատարեն «Արարատին»։ Իր հեթին թիմը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել երկրպագուներին, որպեսզի նրանք գան ու հասնեն խաղին։

Որպես ամփոփում կարելի է ասել, որ այսօր չնայած բոլոր խնդիրներին, խոսակցություններին ու սկանդալներին, որոնք ուղեկցում էին Մոսկվայի «Արարատին», թիմը վստահ քայլերով առաջ է գնում։ Միակ բանը, որ այսօր պետք է «Արարատին», այն է, որ թիմով զբաղվեն իսկապես ֆուտբոլից հասկացող մարդիկ։ Այդ դեպքում գուցե շատ շուտով հայ ազգը կրկին սկսի վանկարկել «Արարատ, հուպ տուր»։

Վերա Մարտիրոսյան