ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նորից դատապարտել է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները։ Ելույթ ունենալով Միջուկային զենքի դեմ պայքարին նվիրված նիստի ժամանակ՝ նա կոչ է արել աշխարհն ազատել այդ զանգվածային ոչնչացման զենքից, հանդիմանելով միջուկային պետություններին իրենց զինանոցի արդիականցման մեջ։

Գուտերեշը Փհենյանին կոչ է արել դադարեցնել ապօրինի գործողությունները, իսկ միջազգային համայնքին՝ ապահովել ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի հետ կապված խնդրի կարգավորումը խաղաղ ճանապարհով։ «Ես ընդունում եմ միջուկային պետությունների՝ հատկապես Ռուսաստանի ու ԱՄՆ-ի զգալի ջանքերը՝ իրենց զինանոցի կրճատման ու անվտանգության ոլորտում միջուկային զենքի դերակատարման նվազեցման ուղղությամբ»- ասել է ՄԱԿ-ի ղեկավարը։ Միաժամանակ, նրա խոսքով, այսօր կան սպառազինությունների արդիականացման թանկարժեք ծրագրեր, ինչը բարդացնում է զինաթափման ոլորտում առաջընթացը։

Նա նշել է, որ ՄԱԿ երկրների շրջանում խորը տարաձայնություններ կան միջուկային զինաթափման ոլորտում։ Գուտերեշը նկատել է, որ վերջին երկու տասնամյակներում Զինաթափման հարցերով համաժողովի մասնակիցներին չի հաջողվել դուրս գալ փակուղուց։ Նա հույս է հայտնել, որ միջուկային զենքի արգելման մասին նոր պայմանագիրը կարեւոր ավանդ կունենա աշխարհն այդ զենքից ազատելու գործում։ «Միջուկային զենքից ազատ աշխարհն է գլոբալ նպատակը, որը գլոբալ գործողություններ է պահանջում։ ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել բոլոր երկրների հետ՝ այդ նպատակին հասնելու համար»,- շեշտել է Գուտերեշը։