ՄԱԿ ի փորձագետները կոչ են արել Մյանմարի կառավարությանը դադարեցնել բռնությունները ռոհինջա մուսուլմանների դեմ ու կանխել մարդու իրավունքների լուրջ խախտումները, որոնք ՄԱԿ Գերագույն հանձնակատարի խոսքով, «Էթնիկ զտումների» դասական օրինակ են։

Նրանք նշել են, որ իրենք ունեն հավաստի տվյալներ ռոհինջա համայնքի դեմ մարդու իրավունքների լուրջ խախտումների ու չարաշահումների մասին ։ Խոսքը մասնավորապես արտադատարանային մահապատիժների, ուժի չափազանցված կիրառման, կտտանքների, դաժան վարվեցողության, սեռական բռնությունների ու հարկադիր տեղահանման մասին է։ Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ զինվորականները հրկիզել են 200 գյուղ ու ավերել տասնյակ հազարավոր տներ։

Վերջին մի քանի շաբաթներին Մյանմարից Բանգլադեշ է փախել ավելի քան 430 հազար մարդ։ Մյանմարից տեղափոխված փախստականների ընդհանուր թիվը Բանգլադեշում կազմել է 700 հազար։