«Euromoney»  ամսագիրը հրապարակել է հոդված Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծին Հայաստանի մասնակցության ու այն ազդեցության մասին, որը տվյալ նախագիծը կարող է ունենալ երկրի համար, որի տնտեսությունը 1000 անգամ փոքր է Չինաստանի տնտեսությունից։

Վերլուծաբան Քրիս Ռայթի հոդվածում նշվում է, որ Հայաստանը ամենափոքր երկրներից մեկն է «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծի ճանապարհին։ Հեղինակը մեջբերում է Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանին, որը համարում է, որ այդ նախագիծը կարեւոր դեր է կատարում մասնակից երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար։

«Հենց սկզբից Հայաստանը խորապես համոզված էր, որ կարող է դառնալ այդ նախաձեռնության անբաժանելի մասը։ Մենք կարող ենք կատարել տարածաշրջանային տարանցիկ հանգույցի դեր՝ տրանսպորտի, փոխադրումների ու հաղորդակցության համար»,- ասում է Աբաջյանը։

Բացի դրանից, այդ նախագծին երկրի մասնակցությունը կազդի ենթակառուցվածքի զարգացման վրա։ Դրա երկու օրինակներից են  «Հյուսիս- Հարավ» ճանապարհային միջանցքի նախագիծը, նաեւ երկաթգիծը, որը կկապի Հայաստանն ու Իրանը։

Հեղինակը հարց է բարձրացնում, թե ինչպես է աշխատում այդ ամենը։ Արդյոք երկի՞րն  է դիմում  Չինաստանին՝ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծի մասնակից դառնալու առաջարկով, թե՞ Չինաստանն է դիմում երկրին։ «Հայաստանի դեպքում ամենայն հավանականությամբ առաջին տարբերակն է։ Հայաստանի կառավարությունը մշակել է 50 ներդրումային նախագիծ ամբողջ երկրով մեկ, որոնցից մի քանիսը նախատեսված են միջազգային կապիտալի համար։ Պեկինում դիվանագետների օգնությամբ կարելի է համոզվել, որ Չինաստանը գիտի այդ նախագծերի մասին։ Բայց կա՞ արդյոք փոխզիջում չինական ֆինանսավորումն ընդունելու հարցում։ Ի՞նչ է ակնկալվում դրա դիմաց»,- գրում է հեղինակը։

Աբաջյանի խոսքով՝ փոխզիջում գոյություն չունի, քանի որ Հայաստանի ու Չինաստանի միջեւ խնդիրներ չկան։ Նա նշում է, որ դեռ վաղ է խոսել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների վրա նախագծի ազդեցության մասին, սակայն ակնկալվում է, որ երկրները կզգան ազդեցությունը ենթակառուցվածքի սահմաններից դուրս։

«Մեխանիզմը շատ պարզ է։ Որքան շատ ներդրումներ եք դուք ստանում որպես երկիր, այդքան ավելի զարգանում եք ու այդքան ավելի շատ եք ինտեգրվում տարածաշրջանային, ենթատարածաշրջանային ու միջազգային շուկաներին՝   նախագծերի համար»,- բացատրում է Հայաստանի առեւտրային ներկայացուցիչը։