Բաղդադն օրենքի եւ Սահմանադրության ուժով իր վերահսկողությանը կվերադարձնի Իրաքի ինքնավար Քուրդիստանը, որտեղ երկուշաբթի անկախության հանրաքվե է անցկացվել: Այս մասին խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Չի կարող պայքար լինել մեկ հայրենիքի որդիների միջեւ, սակայն մենք օրենքը կկիրառենք, եւ դուք դա կտեսնեք»,- նշել է ալ Աբադին:

Նա քրդերին կոչ է արել հրաժարվել ինքնավարության սահմաններից դուրս իրենց վերահսկողության ներքո հայտնված շրջաններից, ինչպես նաեւ չեղյալ համարել հանրաքվեի արդյունքները: Վարչապետը կրկին ընդգծել է, որ Բաղդադը չի աշխատի քվեարկության արդյունքների համաձայն:

«Անհրաժեշտ է հանրաքվեն չեղյալ համարել եւ Սահմանադրության շրջանակում ուղիղ բանակցությունների նստել… Մենք բացարձակապես չենք խոսի հանրաքվեի արդյունքների մասին»,- ասել է Իրաքի վարչապետը: