Մենք պետք է հասնենք փոխադրման միասնական համակարգի եւ մաքսային վճարների հստակեցման: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երեւանում լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը:

Նրա խոսքով, ԵՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունները շատ կարեւոր դեր են խաղում միության տարածքում առկա ինտեգրացիոն գործընթացներում. «Մեր մաքսային ծառայությունները լուծում են հիմնականում երեք խնդիր: Առաջինը մաքսային եւ հարկային վճարների լիարժեք ապահովումն է, երկրորդը բիզնեսի համար ադմինիստրատիվ ծանրաբեռնվածության աստիճանի նվազեցումն է, իսկ երրորդը` մեր երկրների անվտանգության ապահովումը»:

Բոլավինն ընդգծեց, որ շատ կարեւոր է փոխադրվող ապրանքների մաքսային արժեքը. «ԵՏՄ երկրներում արտադրված ապրանքները համարվում են միության ապրանքներ եւ ազատ տեղաշարժ պետք է ունենան բոլոր 5 երկրների տարածքում: Այսօր որոշ կատեգորիաների ապրանքների դեպքում շարունակվում են որոշակի անհամաձայնությունները մնալ, դրա համար մենք քննարկելու ենք, թե ինչպես միավորենք մեր մոտեցումները` կապված մաքսային վճարների հստակեցման հետ: Հարցը հեշտ է թվում, սակայն շատ դժվարություններ կան: Մենք հետեւողականորեն վերացնում ենք առկա անհամաձայնությունները»: