Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել: Մահացու հրազենային վիրավորում է ստացել պաշտպանության բանակի զինծառայող Սեյրան Մանվելի Սարգսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով 19-ամյա զինծառայողը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ամերիկյան Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Նահանգի Սենատի ընդունած բանաձեւը, որը ներկայացրել էր սենատոր Դեւիդ Քնեզեքը, ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունն ու ընդլայնել տնտեսական եւ մշակութային կապերը Արցախի հետ: Նշենք, որ Միչիգանն ամերիկյան 8-րդ նահանգն է, որը ճանաչել է Արցախի անկախությունը: Ավելի վաղ նման բանաձեւեր են ընդունել Մասաչուսեթսը, Ռոդ Այլենդը, Մենը, Քալիֆորնիան, Ջորջիան եւ Հավային:

Մյասնիկյան պողոտայում այսօր խոշոր պատահար է տեղի ունեցել: Մյասնիկյանից դեպի Հերացի փողոց տանող հատվածում տրոլեյբուսը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին: 9 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Տուժածներից մեկը գանգուղեղային վնասվածք, կոտրվածքներ ունի, մի քանիսը՝ սալջարդեր, երկու տուժածի վիճակը բավարար է. նրանք միայն քերծվածքներ են ստացել: Ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում:

Հավելենք, որ վթարի պահին վարորդը ղեկին չի եղել: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը պարզաբանել է, թե ինչպես է տեղի ունեցել պատահարը: Մասնագետներն արդեն նշել են, որ վթարված տրոլեյբուսը սարքին է եղել: Իսկ թե ով պետք է պատասխանատվություն կրի պատահարի համար, կպարզի քննությունը:

150 մլրդ դրամի հասնող բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանի կառավարությունը նորից վարկ է վերցնելու: Կառավարության այսօրվա նիստից հետո Վարդան Արամյանն ասել է՝ այլ տարբերակ չկա, բայց մենք պարտք վերցնող միակ երկիրը չենք:

Այս տարի Հայաստանի պետական պարտքն ավելանալու է 400 մլն դոլարով, իսկ 2018-ին՝ եւս 300 մլն դոլարով: Արդյունքում հաջորդ տարեվերջին պարտքը կանցնի 7 մլրդ դոլարի սահմանը: Բայց ֆինանսների նախարարը սա վտանգավոր չի համարում: 2018 թվականի համար նաեւ ՀՆԱ-ի 4.5 տոկոսի աճ է նախատեսվում, թեեւ կառավարության ակնկալիքներն ու խոստումներն այլ էին: Արամյանը պատճառաբանել է. տնտեսությունը կենդանի օրգանիզմ է, եւ հնարավոր չէ ցանկությունների շրջանակում ինչ-որ թվեր սահմանել:

Արմեն Ամիրյանից էլ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու է չեղարկվել «Զվարթնոց» պատմամշակութային հուշարձանի տարածքում Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգը: Մեկնաբանություններ են հնչում, որ դա արվել է՝ այլ նկատառումներից ելնելով: Պարզվում է՝ այս անգամ էլ մշակույթի նախարարը տեղյակ չի եղել համերգի կազմակերպման մասին: Հետո նախարարը հավելել է, թե կազմակերպիչներն իրենք են չեղարկել համերգը՝ պարզաբանելով, որ տոմսերը լավ չեն վաճառվում, եղանակն էլ կարող է խանգարել միջոցառման անցկացմանը:

Սոցապնախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել: Նախկին պաշտոնյան խարդախության եւ առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար 12 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: Դատարանը նաեւ որոշում էր կայացրել նրանից 261 մլն դրամի գույք բռնագրավել: Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ թոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով ելքագրել եւ յուրացրել է իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ Հայաստանից բացակայող թոշակառուների վճարումը: Ընդհանուր առմամբ, 267 մլն 266 հազար դրամ է յուրացվել:

Տեւական խոսակցություններից հետո այսօր Արտուշ Գաբրիելյանը վերջապես հայտարարեց՝ «Սասնա ծռեր»-ի 18 անդամի գործից հիմնական ամբաստանյալների մասը փոխանցում է այլ դատավորի: Գաբրիելյանը չասաց, թե կոնկրետ ով է քննելու գործը՝ նշելով, որ այդ մասով լրացուցիչ կտեղեկացվի: Ըստ լուրերի՝ անջատված մասով զբաղվելու է Կենտրոնի դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը: Օրերս նա գործուղվել է Էրեբունու դատարան, որի վարույթում է «Սասնա ծռերի» գործը: Փաստաբանները համոզված են. Արտուշ Գաբրիելյանն ինքնուրույն չի կայացրել այս որոշումը:

Երկրորդ անգամ աշխարհի գավաթը նվաճած Լեւոն Արոնյանը վերադարձել է Թբիլիսիից եւ ասուլիսով ամփոփել մրցաշարի արդյունքները: Նշել է, որ մրցաշարը չափազանց լարված էր, բարդ ու վճռորոշ էր հատկապես կիսաեզրափակիչում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ խաղը, բայց կարողացել է հաղթահարել հուզմունքը: Լեւոն Արոնյանը նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր է ստացել: Խոստովանել է. մինչեւ հիմա այդ մրցաշարերում միշտ վատ է խաղացել, բայց 2018 թվականի մարտին Մյունխենում ամեն ինչ այլ է լինելու: Աշխարհի գավաթը նվաճած գրոսմայստերը նաեւ 120 հազար դոլար պարգեւ է ստացել: Ինչպե՞ս է ծախսելու այդ գումարը. հարցին ի պատասխան՝ Արոնյանը ռուսական հայտնի արտահայտություն է հիշել:

Տեւական արժեզրկումից հետո եվրոն նորից թանկացել է: Սեպտեմբերի 28-ին եվրոյի փոխարժեքը կազմել է 562 դրամ, դոլարինը՝ 478, ռուբլունը՝ 8 դրամ 22 լումա, ֆունտինը՝ 639 դրամ:

Սեպտեմբերի 29-30-ը հանրապետությունում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ինչպես նաեւ քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա, իսկ հետո 4-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն: