Ռուսաստանում գողացած Այվազովսկու «Ծովը» կտավը Շվեյցարիայում աճուրդից հանվել է, հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«ՌԴ ՆԳՆ Ինտերպոլի Ազգային անվտանգության կենտրոնը ՌԴ Մշակույթի նախարարության հետ համատեղ պարզել են գողացված արվեստի գործի գտնվելու վայրը։ Այն ՌԴ մշակութային ժառանգության համար հատկապես մեծ արժեք ունի»,– ասել է Վոլկը։

Նրա խոսքով՝ տվյալներ են ստացվել, որ Շվեյցարիայի տարածքում Koller աճուրդի տունը վաճառքի է հանել Հովհաննես Այվազովսկու 1845 նկարված «Տեսարան դեպի Ռեվել» կտավը, որի օրիգինալ անվանումն է «Ծովը»։

«Արվեստի գործը գողացել էին 1976 թվականին «Դմիտրովսկի կրեմլ» թանգարանից։ Ինտերպոլի գծով շվեյցարացի գործընկերների հետ համագործակցության շնորհիվ գողացված կտավը, որը վաճառքի էր հանվել ավելի քան 1 մլն դոլարով, հանվել է աճուրդից»,– տեղեկացրել է ՆԳՆ ներկայացուցիչը։

Այս պահին աշխատանքներ են ընթանում կտավը Ռուսաստան վերադարձնելու համար։