Սեպտեմբերի 28-ի երեկոյան բռնություն է կատարվել իմ նկատմամբ` մասնագիտական գործունեության ընթացքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է Լոռի TV-ի խմբագիր Նարինե Ավետիսյանը:

Նա մասնավորապես, գրել է.

«Ինձ զանգեցին ու տեղեկացրին, որ հորդառատ անձրեւի տակ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում: Ես գնացի այնտեղ, դեռ մի քանի լուսանկար էի արել ու միացրել տեսախցիկը, երբ գազանաբար ինձ վրա հարձակվեց «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավարը` Տիգրան Նազարյան:

Ինքը եւ իր աշխատողները իր կարգադրությամբ ինձ գցեցին գետին, թեւերս ոլորեցին ու խլեցին հեռախոսս: Դեպքի վայրից գնացել եմ «Լոռի» հեռուստաընկերություն` իմ աշխատավայր, որտեղից դիմել եմ ոստիկանություն եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, որը ոստիկանությունում հանդես եկավ որպես իմ ներկայացուցիչ: Ոստիականությունը իսկույն արձագանքեց եւ դեպքի վայրում հայտնաբերեց հեռախոսս: Փորձագետ-քրեագետի գործողություններից հետո պարզվեց, որ բռնարարը ջնջել է տեսագրությունը եւ լուսանկարները:

Այս պահին հեռախոսս ոստիկանությունում է: Ինձ հասած տվյալներով բռնարարը մեղքը գցել է վարորդի վրա: Հարուցվել է քրեական գործ:

Նրան պատկանող սեւ գույնի Մերսեդես G500 77GG777 համարանիշի մեքենան փորձագիտական աշխատանքների ժամանակ հեռվից հետեւում էր. հետագայում նույն մեքենան տեսա ոստիկանության Տարոնի բաժնի դիմաց»:

Այս առնչությամբ ԱԺ «Ելք»խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է. «Ամենախիստ կերպով դատապարտում եմ Լոռի ՀԸ տնօրեն, հայտնի լրագրող Նարինե Ավետիսյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը։ Ակնհայտ է, որ երկար տարիներ շարունակվող անպատժելիությունը եւ Վանաձորում տիրող լկտի ամենաթողությունը ծնել եւ ծնում է նոր հանցագործություններ։ ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար»: