Կարավաջոյի վրձնին պատկանող կտավները Միլանի ցուցահանդեսում նոր լույսի ներքո են ներկայացվել։ Մասնագետները ռենտգեն ճառագայթների միջոցով պարզել են, թե ինչպես է իտալացի գեղանկարիչը ստեղծել իր գլուխգործոցները, հայտնում է NDTV–ն։

«Կարավաջոն երբեք էքսքիզներ չի արել, նա միանգամից կտավի վրա է նկարել։ Այդ պատճառով տեսնելով կոմպոզիցիայի որեւէ անհաջող դետալ՝ նա փոխում էր այն անմիջապես։ Նա վրայից մուգ ներկ էր ավելացնում»,– ասել է ցուցահանդեսի համակարգող Ռոզելլա Վոդրետը։

Օրինակ՝ «Հանգիստ Եգիպտոսի ճանապարհին» կտավում հրեշտակը ի սկզբանե ստորին աջ անկյունում է եղել եւ ավելի փոքր։ Իսկ Մարիամն ու Հովսեփը փոքրիկ Հիսուսի հետ կենտրոնում են եղել։ Ավելի ուշ նկարիչը փոխել էր մտահղացումը եւ կենտրոնում նկարել հրեշտակին։ Կարավաջոն փոփոխություններ է կատարել նաեւ «Մարթան եւ Մարիամ Մագդալենացին», «Սուրբ ընտանիքը Հովհաննես Մկրտչի հետ» կտավներում։ Վերջին ստեղծագործության մեջ նա բազմիցս փոխել է Սուրբ Տիրամոր հանդերձանքը։