Եգիպտոսի իշխանությունները ցանկանում են Սինայ թերակղզում երեք համաշխարհային կրոնների սրբատեղիներն օգտագործել ուխտագնացության եւ ճանաչողական զբոսաշրջության զարգացման համար:Այս մասին հայտարարել է Հարավային Սինայ նահանգի նահանգապետ Խալեդ Ֆոդան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սինայը երեք կրոնների օրրանն է, այն մարմնավորում է տարբեր հավատքների ներկայացուցիչների խաղաղ գոյակցության ոգին», - ասել է Ֆոդը՝ կրոնական զբոսաշրջության զարգացմանը նվիրված միջազգային խորհրդաժողովում:

Հնությունների փոխնախարար Մուհամմեդ Աբդել Լատիֆի խոսքով՝ առաջին մուսուլմանները Սինայով են Եգիպտոս եկել, այստեղով են առաջին ուխտավորները գնացել Մեքքա եւ Մեդինա: Բացի այդ, Սինայի տարածքում կան պատմական մզկիթներ եւ հնագույն մուսուլմանական ամրոցներ:

Նա ավելացրել է նաեւ, որ Սինայի կարեւոր կրոնական հուշարձաններից են նաեւ Մովսեսի լեռը, Սբ. Եկատերինայի վանքը: