Տավուշի մարզում օրեր առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել: Սեպտեմբերի 27-ին Նորաշեն գյուղում 32-ամյա կինը երեխա է լույս աշխարհ բերել, որին ծննդկանի մայրը զուգարանն է նետել: Նորածինը մահացել է: Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ կինը ծննդաբերել է հղիության 8.5 ամսում, տան պատշգամբում: Կինն առողջ երեխա է լույս աշխարհ բերել: Իրավապահներին նա ասել է, որ ծնվելուց հետո փոքրիկը ճիչ է արձակել: Դեպքից հետո կնոջը տեղափոխել են Բերդի բուժկենտրոն: Նրա վիճակը լավ է, երկուշաբթի նրան դուրս կգրեն: Ծննդատան վարիչը վստահեցրել է, որ կինը որպես հղի որեւէ տեղ հաշվառված չի եղել:

Խարբերդում մեկամյա երեխայի մահվան պատճառը ԿԿԽ տեսակի պատվաստանյութի կրկնակի ներարկումն է եղել: Այս մասին հաղորդել են քննչական կոմիտեից: Մեկ տարեկան աղջիկը մահացել է հուլիսի 6-ին: Երեխայի մայրը պատմել է, որ փորձել է հրաժարվել կրկնակի պատվաստումից, բայց պոլիկլինիկայի բժիշկը պնդել է, որ պատվաստումն անհրաժեշտ է: Արդյունքում երեխայի ինքնազգացողությունը չափազանց վատացել է, շտապ օգնություն են կանչել, բայց փոքրիկին փրկել չի հաջողվել: Պատվաստումն իրականացրած առաջնային բժշկական օղակի գործունեությունը դադարեցվել է մինչեւ հետաքննության ավարտը:

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին մեղադրող Պետրոս Պետրոսյանի նյարդերը տեղի են տվել, երբ ամբաստանյալներից Ներսես Պողոսյանը խնդրել է իր կոչը փոխանցել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: 3 անչափահաս երեխաների հայր Ներսես Պողոսյանին ազատ արձակելու վերաբերյալ նրա շահերի պաշտպանի միջնորդությունը դատարանը կրկին մերժել է, եւ Պողոսյանը որոշել է հայտարարությամբ հանդես գալ: Դիմելով մեղադրողին՝ նա հայտարարել է, որ անժամկետ հացադուլ է հայտարարում ու այլեւս չի ընդառաջելու այն դադարեցնելու վերաբերյալ Արթուր Դավթյանի հորդորին:

Ներսես Պողոսյանը մի քանի անգամ գլխավոր դատախազի մասին խոսելիս ասել է «Արթուր», «Արթուրիկ»: Ըստ երեւույթին՝ սա էլ հունից հանել է մեղադրողին: Նա մի պահ մոռացել է, որ նիստերի դահլիճում է, ու ամբաստանյալին դիմել է «արա»-ով: Սա զայրացրել է նույնիսկ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին, որը դատական սանկցիա է կիրառել՝ նախազգուշացման տեսքով: Նիստերի դահլիճում գտնվողներն արդեն դատարանի բակում փորձել են պարզաբանում ստանալ Պետրոս Պետրոսյանին: Նա, սակայն, առանց արձագանքելու հեռացել է: Հավելենք նաեւ, որ Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստերը տեսանկարահանել չի թույլատրվում:

Լոռու մարզի Մեծավան համայնքում դիզենտերիայի բռնկում է արձանագրվել: Դիզենտերիա ախտորոշմամբ 17 հիվանդ ստացիոնար բուժում է ստանում, եւս 15-ը՝ ամբուլատոր: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աղիքային վարակի աղբյուրը ջուրն է: Օրեր առաջ դիզենտերիայի բռնկում էր արձանագրվել նաեւ Գորիսի դպրոցներից մեկում: Հիվանդանոց էր դիմել 27 հիվանդ՝ միանման գանգատներով. լուծ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում: Այստեղ վարակի աղբյուր է հանդիսացել դպրոցական սնունդը: Լաբորատոր հետազոտությամբ սննդի նմուշներում շիգելլա զոնե (դիզենտերիա) աղիքային ցուպիկ է հայտնաբերվել:

«Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Նախ հաղթող ճանաչված Լիլի Սարգսյանից հետ վերցրեցին թագը: Մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը պարզաբանեց, որ որոշ թերացումների պատճառով թագը տրամադրած ոսկերչական ընկերությանը չի բավարարել գովազդը, եւ ընկերությունը որոշել է այն չնվիրել մրցույթի կազմակերպիչներին:

Այսօր էլ ասուլիս է հրավիրել «Միսս Հայաստան» գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանը եւ խոսել մրցույթի թերությունների, կանոնակարգի խախտումների եւ դրան առնչվող դատական գործընթացի մասին: Արիստակեսյանի խոսքով՝ քանի որ «Միսս Արմենիա»-ն չէր համապատասխանում գեղեցկության մրցույթի չափանիշներին, իրենք ստիպված են նոր մրցույթ կազմակերպել: Իսկ «Միսս Աշխարհ» մրցույթին ո՞վ կներկայացնի Հայաստանը` «Միսս Արմենիա»-ն, թե՞ «Միսս Հայաստան» մրցույթի հաղթողը: Կարեն Արիստակեսյանի փաստաբանը պարզաբանել է. «Միսս Աշխարհ»-ին կարող է մասնակցել նա, ով օրենքի սահմաններում նվաճել է որեւէ երկրի «Միսս» տիտղոսը, իսկ Լիլի Սարգսյանը չի կարող «Միսս Հայաստան» համարվել: Հավելենք, որ դատական գործընթաց է սկսվել, դատարանն արգելել է «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքային նշանների՝ ցանկացած ձեւով օգտագործումը: Չնայած դրան՝ «Միսս Արմենիա» մրցույթը, ամեն դեպքում, կազմակերպվել է:

Սեպտեմբերի 29-ին դոլարը, եվրոն եւ ռուբլին թանկացել են: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 564, ռուբլունը՝ 8 դրամ 27 լումա, ֆունտինը՝ 639 դրամ:

Սեպտեմբերի 30-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն: