Համացանցը արցախյան հակամարտության «ճակատներից» մեկն է։ Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը  «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումների շրջանակում։

Նշենք, որ լսումները կազմակերպվել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական ու միջազգային համագործակցության հարցերով մշտական հանձնաժողովի առաջարկով ու նախաձեռնությամբ։

Նախ մեդիա փորձագետի խոսքով ոչ ոք չի կարող հստակ նկարագրել, թե ինչ է հիբրիդային պատերազմը։ «Ոչ ավանդական մեթոդների կիրառումը համարվում է հիբրիդային պատերազմի բաղադրիչը։ Այն ներառում է քարոզչական պատերազմը, կիբերհանցագործ խմբավորումները, որոնք հիմա իրական պատերազմի մի մասն են դառնում։ Կան դեպքեր, երբ կիբերհարձակումների կիրառումը հանգեցրել է լուրջ ֆիզիկական կորուստների։

Ղարաբաղյան պատերազմում նույնպես կարելի է տեսնել հիբրիդային պատերազմի բաղադրիչների կիրառում։ Այն, ինչ այսօր կարելի է անվանել «դրոնային պատերազմ»,անցնում է ավելի փակ»,- նկատեց Սամվել Մարտիրոսյանը։ Այսօրվա տեխնիկական միջոցները, շարունակեց նա, թույլ են տալիս մարտական գործողություններն իրականացնել խորը թիկունքում։ «Կարելի է ասել, որ այսօր բոլոր պատերազմներն ունեն հիբրիդային պատերազմի որոշ բաղադրիչներ։ Ղարաբաղյան հակամարտությունում դա տեղեկատվական պատերազմն է։ Այսօր Հայաստանը նման պատերազմ վարելու մեծ փորձ ունի, քանի որ փաստացի հակամարտության սկզբից առայսօր տեղեկատվական պատերազմը միշտ էլ գոյություն է ունեցել»,- հավելել է Սամվել Մարտիրոսյանը։