Կատալոնիայի Առողջապահության նախարարությունը հայտնել է անկախության հանրաքվեի անցկացման ընթացքում ոստիկանության հետ բախումների հետեւանքով 38 վիրավորի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Օգնություն է ցուցաբերվել իսպանական ոստիկանության հետ բախումների հետեւանքով 38 տուժածի: Նրանցից 35-ը թեթեւ վնասվածքներ է ստացել, 3-ը՝ միջին ծանրության»,- նշված է Twitter-ում հրապարակված գերատեսչության հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ տուժածներին 9-ին հիվանդանոց են տեղափոխել, նրանց մոտ առկա են սարլջարդեր, գլխապտույտ եւ խուճապ:

Տեղական ժամանակով 9.00-ին Կատալոնիայում սկսվել է անկախության հանրաքվեի քվեարկությունը, որը Իսպանիայի կառավարությունը չի ճանաչում, եւ որի անցկացումը երկրի Սահմանադրական դատարանն արգելել է: Ոսստիկանությունը հայտարարել է, որ իրեն հաջողվել է վերահսկողության տակ վերցնել 2315 տեղամասերի մեծ մասը, որտեղ պետք է քվեարկություն ընթանար: Որոշ տեղամասերում փաստաթղթեր են առգրավում, բախումներ են տեղի ունենում ոստիկանների եւ քվեարկության եկած մարդկանց միջեւ: