Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում են զինծառայողների սոցիալական խնդիրները: Հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ամփոփելով մեկամյա գործունեությունը:

Նախարարի խոսքով՝ սա վերաբերում է ինչպես զոհված զինծառայողներին, այնպես էլ նրանց ընտանիքներին, եւ հաշմանդամ զինվորներին: Ձեռքբերումների թվում նախարարը նշեց օգնության հիմնադրամի ստեղծումը, որը, նրա խոսքով, իրեն լիովին արդարացրել է: Վաղը տեղի կունենա հոգաբարձուների  խորհրդի հերթական նիստը: «Մենք մտադիր ենք նաեւ ընտանիքիներին այցելել, որոնց հիմնադրամը օգնություն է տրամադրել»,- նշեց նախարարը:

Եվս մեկ կարեւոր հարց է հաշմանդամներին եւ զոհվածների ընտանիքներին բնակարաններով ապահովելը: Նրա խոսքով՝ երկար տարիներ ցուցակներ կային, սակայն հարցը չլուծված էր մնում: Նախարարը խոստացավ այս խնդիրը լուծել մինչեւ տարեվերջ: Երեւանում խնդիրը կլուծվի կառուցված շենքերում բնակարաններ հատկացնելով, իսկ մարզերում՝ սերտիֆիկատների միջոցով: