Արարատի մարզում հոկտեմբերի 1–ին վթարի ենթարկված հնդիկ ուսանողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հոկտեմբերի 2–ին,  հայտնել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը։

Նրա փոխանցմամբ՝ խմբից ամենածանր վնասվածքները ստացել է մի ուսանողուհի, որը անգիտակից վիճակում է։ 

«Տղաները հիվանդասենյակում են, որից մեկը տուն կգնա այսօր հավանաբար: Տարբեր աստիճանների սալջարդ  ունեն, աղջիկները  վերակենդանացման բաժանմունքում են, մեկի մոտ ողնաշարի ելունների կոտրվածք եւ թոքի սալջարդ, միջին ծանրության է, դրական դինամիկայով, գիտակից է։ Մյուս ուսանողուհին  անգիտակից է, գլխուղեղի ծանր վնասվածք ունի, թոքերի սալջարդ ծանր աստիճանի, կոնքի կոտրվածք»,–մանրամասնեց Միքայել Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում Nissa Teana մակնիշի 001 VV 24 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Ջերմուկ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում։ Վթարի հետեւանքով վիրավորվածները 18–20 տարեկան աղջիկներ ու տղաներ են։  Նրանք սովորում են  Հերացու անվան բժշկական համալսարանում։