Ջավախքի Գումբուրդո գյուղում գտնվող X դարի եկեղեցին, որի բակում խաչքար տեղադրելու հետ կապված սեպտեմբերի 30-ին գյուղի բնակիչենրի եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել,  հսկվում է ոստիկանների կողմից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը: Նա նշեց, որ գյուղում իրավիճակն այժմ հանգիստ է եւ Գումբուրդոյի մի խումբ բնակիչներ պատրաստվում են մեկնել Թբիլիսի՝ պարզաբանում պահանջելու ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Պայմանավորվել են, որ այս խնդրով պետք է զբաղվեն հոգեւորականները: Մեր ունեցած տեղեկություններով, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն այսօր պետք է լիներ Ախալքալաքում, բայց նա Հայաստանից միանգամից Թբիլիսի է գնացել: Բնակիչների մի խումբ կա, որ գնալու է Թբիլիսի պարզաբանում պահանջելու: Ոստիկանական մեքենաները Գումբուրդոյում են, հսկում են իրավիճակը, անվտանգությունը: Բայց անհասկանալի է այդ հսկողությունը, քանի որ երկար տարիներ մարդիկ ապրել են այդ գյուղում, եկեղեցին էլ իրենցն է եւ ոչ ոք այդ եկեղեցուն ձեռք չի տվել եւ չի էլ պատրաստվում»,-ասաց նա:

Դավիթ Ռստակյանի խոսքով, Գումբուրդոյի վերակառուցվող եկեղեցի թույլ չեն տալիս մտնել եւ հիմնավոր կասկածներ կան, որ X դարի եկեղեցու ներսում ինչ-որ փոփոխություններ են արվում, որպեսզի վերջում հայտարարեն, թե այն վրաց ուղղափառ եկեղեցի է եղել.  «Ես լուրջ կասկածներ ունեմ, որ եկեղեցու ներսում լուրջ փոփոխություններ են անում, այդ պատճառով էլ փակ է այն, չեն թողնում, որպեսզի գյուղի բնակիչները մտնեն, մոմ վառեն: Վրացական ինչ-որ բաներ կտեղադրեն, գրություններ կանեն, որպեսզի վերջում ասեն, որ դա ուղղափառ եկեղեցի է: Վրաստանի այսօրվա իշխանություններն ուզում են, որ այդ եկեղեցին ոչ թե մշակույթի հուշարձան լինի, այլ ռեստավրացիա են անում, որպեսզի տուրիզմը զարգացնեն, իրենց փողն է հետաքրքիր միայն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ջավախքում սեպտեմբերի 30-ի առավոտյան բախումներ են եղել Գումբուրդո քաղաքի բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Բնակիչները ցանկացել են X դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել, քանի որ այնտեղ թաղված են իրենց նախնիների ոսկորները: Ոստիկանները նրանց ներս չեն թողել՝ ասելով, որ ունեն համապատասխան հրաման: Իրավիճակը թեժացել է, դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության զորքերը: Ոստիկաններն օդ են կրակել եւ մահակներով ծեծել տեղի հայ բնակիչներին: