2016թ․ հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում 10 կալանավորված սարիթաղցիների գործով նիստերն անընդհատ հետաձգվում են: Կալանավորվածներից Էդուարդ Զեյթունյանի շահերի պաշտպան  Լիպարիտ Սիմոնյանի խոսքով, այս հանգամանքը խախտում է  ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունքը:

«Տեւական ժամանակ է դատական նիստեր  տեղի չեն ունենում, դատավորը վատառողջ է, հասկանալի է, որ մարդը հիվանդանալու իրավունք ունի, բայց մյուս կողմից էլ խախտվում է ամբաստանյալների ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունքը: Դատական նիստերը թե դատարանի, թե դատարանի ծանրաբեռնվածության պատճառով հաճախ են հետաձգվում, այն դեպքում, երբ դատակոչված է 7 տուժող եւ 23 վկա»,-ասաց նա:

Լիպարիտ Սիմոնյանի խոսքով, դատակոչված վկաների հարցաքննությունից պարզ է դառնում, որ դեպքի օրը նրանք այնտեղ չեն գտնվել:

«Նրանք անգամ տեղում էլ չեն եղել, որովհետեւ այնպիսի փաստական տվյալներ են ասում, որ տրամաբանությունից հեռու են: Նույնիսկ վկա ունեինք, որ պնդում էր, թե Սարի թաղի բնակիչները ճանապարհը փակել էին եւ չէին թողնում, որ մեքենաներ բարձրանան, գնան: Այն դեպքում, երբ ամբողջ կոնֆլիկտն այն է եղել, որ ոստիկանները փակել են փողոցը եւ թույլ չեն տվել տրանսպորտի տեղաշարժ: Վկաների գերակշիռ մասը ոստիկանության աշխատողներ են, կան նաեւ ուղղակի քաղաքացիներ, որոնց ցուցմունքները եւս չեն հիմնավորում մարդկանց մեղավորությունը»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։