ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-8-ը: 15-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է We are 15 years young «Մենք 15 տարեկան երիտասարդ ենք» խորագիրը:

Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների եւ հյուրերի` նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ այլ երկրներից:

Երեւանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաեւ բացօթյա ներկայացումներ:

Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից են «Չի Տուլա Լիմնիոս» թատրոնի «Տեմպուս ֆուգիտ»-ը (Գերմանիա), «Կանդոկո» թատրոնի «Դու եւ Ես Գիտենք»-ը (Մեծ Բրիտանիա):

Երեւանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, Կամերային, «Փոքր» եւ «Միհր» թատրոնները:

Հոկտեմբերի 6-8-ը Երեւանում կկայանա IETM (Կատարողական արվեստի միջազգային ցանց)-ի «Քարավան Թբիլիսի-Երեւան 2017» հանդիպումը: Նրանց նպատակն է նպաստել հայ ժամանակակից կատարողական արվեստին, ինչպես նաեւ ընտրել գործընկերներ հետագա համագործակցության համար: 

Փառատոնը կբացվի Սուխումիի դրամատիկ թատրոնի «Յակիշ եւ Պուպչե» (Վրաստան) ներկայացումով Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում (բեմադրիչ՝ Դավիթ Սակվարելիձե):

Ներկայացման հիմքում ընկած է Հանո Լեւինի «Յակիշ եւ Պուպչե» պիեսը։ Սա մի մռայլ կատակերգություն է տգեղ ու աղքատ Յակիշի մասին, ում ծանոթացրել էին նույնպես տգեղ եւ աղքատ Պուպչեի հետ: Պատմությունը սկսվում է այն պահից, երբ այս երկուսի հարազատները պարզում են, որ նրանք չեն կարող իրականացնել մահկանացուների առաջ դրված աստվածային պատվիրանը, որն է՝ «եղի՛ր բեղմնավոր եւ բազմացի՛ր»: Հուսահատ զույգը փորձում է ելք գտնել: Դուք ինքներդ կպարզեք, թե ինչ ավարտ կունենան թշվառ Յակիշի եւ Պուպչեի տառապանքները Դավիթ Սակվարելիդզեի նոր ներկայացման մեջ։

Այս ներկայացման պրեմիերան կայացել է 2017 թվականի հուլիսի 21-ին։ Այն ճանաչվել է Փոթիի Միջազգային Փառատոնում հաղթող «Լավագույն ներկայացում» եւ «Լավագույն համագործակցություն» անվանակարգերում։

Նշենք, որ արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի ազատ:

«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):