Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր՝  հոկտեմբերի 2–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. զինված քաղաքացին մուտք է գործել հիվանդանոց եւ 3–րդ հարկի հիվանդասենյակների մոտ անկանոն կրակոցներ արձակել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ոստիկանությունից։ 

Նա ինքնաձիգը թաքցրել է պայուսակի մեջ։  Կրակոցներից հետո փորձել է փախուստի դիմել, սակայն հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կանխել կրակոցներ արձակած անձի փախուստը։

Նախնական տեղեկություններով՝ այդպիսով նա փորձել է կազմակերպել հիվանդանոցում բուժում ստացող կալանավորված անձի փախուստը։ Վերջինս կրակոցների ժամանակ եւս փորձել է դիմել փախուստի, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել են նրա փախուստը եւս։ 

Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել իրավապահները։  Ոստիկանությունից հայտնել են, որ վնասազերծել են կասկածյալներին եւ բերման ենթարկել։ Տուժածներ չկան, քննություն է կատարվում։