ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգությունն անվանել է մաքուր չարիքի դրսեւորում։ Նա նշել է, որ ողբերգության պահերին ամերիկյան ժողովուրդը միշտ համախմբվում է։ «Մեր միասնականությունը չի կարող ոչնչացվել չարիքով, մեր կապերը չեն կարող խզվել բռնությամբ»,- ասել է Թրամփն ազգին հասցեագրված իր ուղերձում, փոխանցում է AP-ն։

Նա նշել է, որ կնոջ՝ Մելանիայի հետ միասին աղոթում է զոհվածների ու վիրավորների համար, նաեւ այն բանի համար, որ ամբողջ ժողովուրդը համերաշխություն ու խաղաղություն ձեռք բերի։ Թրամփը նաեւ հայտնել է, որ մտադիր է հոկտեմբերի 4-ին Լաս Վեգաս այցելել։

Թրամփը բարձր է գնահատել ոստիկանների արձագանքը՝ նշելով նրանց «գերբնական արագությունը»։

Որպես սգո նշան՝ Թրամփը կարգադրել է իջեցնել պետական դրոշները։

Ավելի վաղ նախագահ Թրամփը Թվիթերում ցավակցել էր տուժածներին ու զոհվածների ընտանիքներին։

Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի էր ունեցել կիրակի երեկոյան Լաս Վեգասում երաժշտական փառատոնի ժամանակ, որն անցկացվում էր օդանավակայանի ու Mandalay Bay խաղատուն- հյուրանոցի միջեւ ընկած տարածքում։ Զոհվել էին ավելի քան 50, տուժել ավելի քան 400 մարդ։

Հանցագործը կրակը բացել էր հյուրանոցի 32-րդ հարկից։ Հրաձգության պահին բացօթյա համերգում տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքված։ Ոստիկանության տվյալներով՝ կրակը բացողը 64-ամյա Սթիվեն Փեդդոկն էր, որը ինքնասպան էր եղել մինչեւ ոստիկանների ժամանելը։