Իտալական «Պարմա», «Լացիո», «Միլան», «Ինտեր» ակումբների, ինչպես նաեւ անգլիական «Չելսիի» լեգենդար հարձակվող, Արգենտինայի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու, որակավորման փուլում ՖԻՖԱ-ի լավագույն 100 ֆուտբոլիստների մեջ մտած (ֆուտբոլի պատմության լավագույն 125  ֆուտբոլիստների ցանկ ) Հերնան Կրեսպոն իտալական ֆուտբոլի այլ աստղերի հետ ժամանել էր Վրաստան՝ մասնակցելու աշխարհի հավաքականի ու Վրաստանի աստղերի միջեւ ընկերական խաղին։ Խաղից ստացած իր տպավորությունները լեգենդար ֆուտբոլիստը կիսել է NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում։

Հերնան, Դուք եկել էիք մասնակցելու աշխարհի ու Վրաստանի ֆուտբոլային աստղերի միջեւ խաղին։ Ի՞նչ տպավորություններ ունեցաք խաղից։

Ինձ համար այդքան կարեւոր չէր հենց խաղը, այլ այն, որ մենք եկանք Վրաստան եւ կարողացանք տեսնել Կախա Քալաձեին։ Խաղը բարեգործական էր։ Սա շատ լավ միջոցառում էր։

Հաճա՞խ եք մասնակցում նման միջոցառումների։

Փորձում եմ, բայց այդ առումով ժամանակս այդքան էլ շատ չէ։ Ես «Պարմա» ֆուտբոլային ակումբի փոխնախագահն եմ, բայց երբ հնարավորություն է ընձեռնվում նշանակալի մի բան անել, անում եմ։

Ինչո՞վ եք զբաղվել ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո։

Ես վերապատրաստվում էր որպես մարզիչ։ Հետո հանդիպեցի չինացի գործարարների, որոնք ցանկանում էին ձեռք բերել «Պարման»։ Նրանք ինձ հրավիրեցին, եւ ես ստանձնեցի փոխնախագահի պաշտոնը, բայց ես երբեք չեմ մոռանում մարզչական աշխատանքի մասին։

Ե՞րբ «Պարման» կրկին կդառնա այնքան ուժեղ, որքան 90-ականներին էր։

Դա դժվար է։ Բայց մենք լավ նախագիծ ունենք։ Մեր նպատակն առաջիկա տարիներին ուժեղ թիմ ստեղծելն է։ Վերջին տարիներին մենք բավական աճել ենք։ Մենք թիմ ենք կառուցում, բայց չենք մոռանում, որ մեր հիմնական նպատակը վերադառնալն է եվրոպական այն մակարդակին, որտեղ ժամանակին կայինք։

Բայց խնդիրը միայն «Պարմայի» մեջ չէ։ Անսովոր է տեսնել, որ Սերիա A-ն Եվրոպայի ուժեղագույն առաջնությունը չէ։ Հնարավո՞ր է այս ներդրումները բերեն լիգայի վերակագնմանը։

Հուսամ, բայց ինձ համար դա նշանակում է բարելավել ենթակառուցվածքները, բիզնեսը կառուցել նաեւ մարզադաշտից դուրս, հետեւել մեր երիտասարդներին, այլ ոչ թե ձեռք բերել շատ թանկարժեք ֆուտբոլիստների: Մենք դրան պատրաստ չենք, եւ մեզ այս պահին դա պետք չէ։ Այն բանից հետո, երբ այս ամենը մեզ մոտ ստացվի, կարելի է արդեն մտածել թանկարժեք տրանսֆերների մասին։

Ձեր Կարիերայի ո՞ր հատվածն է եղել ամենաերջանիկը։

Ես միշտ հետեւել եմ իմ կրքին։ Կարիերայիդ ընթացքում դու գնում ես շատ զոհողությունների, բայց դա չի ամենակարեւորը, կարեւորը գնալ կրքի հետեւից։ Դա հեշտ չէ։ Կարող եմ ասել, որ ես շատ երջանիկ կարիերա եմ ունեցել։

Իսկ ո՞րն է եղել Ձեր կարիերայի լավագույն խաղը։

Դժվար է առանձնացնել մեկը։ Երբ երիտասարդ ես, երազում ես խաղալ Աշխարհի առաջնությունում, Չեմպիոնների Լիգայում, Լիբերտադորեսի Գավաթում։ Ես այդ բոլոր մրցաշարերում խաղացել եմ։ Բացի Աշխարհի առաջնությունից բոլոր մրցաշարերի եզրափակիչներում խաղացել եմ։ Ինձ համար իմ կարիերան երազի նման էր։ Ես երբեք չէի կարող մտածել, որ կունենամ այսպիսի կարիերա։

Ինչ-որ բանի համար զղջո՞ւմ եք՝ տրանսֆեր, որոշում, խաղ․․․

Իհարկե, մենք միշտ ցանկանում ենք բացասական բանը փոխել դրականի։ Բայց մյուս կողմից ես այժմ այստեղ եմ նաեւ իմ սխալների շնորհիվ։ Ես ոչինչ չէի փոխի։

Դուք հիանալի վարզավիճակում եք գտնվում։ Ակտիվ ապրելակե՞րպ եք վարում։

Այսօր ես շատ եմ աշխատում, հոգնում եմ ու ուզում եմ քնել  (ծիծաղում է)։ Ես ցանկանում եմ վերադառնալ տուն, լինել ընտանիքիս հետ, բայց միեւնույն ժամանակ պետք է աշխատեմ ու օգնեմ «Պարմային»։

Ամեն տարի ֆուտբոլիստների աշխատավարձերը արագ տեմպերով աճում են։ Եթե հիմա խաղայիք ավելի շատ կվաստակեիք։ Կուզեի՞ք հիմա սկսել կարիերան։

Ես այդ մասին չեմ մտածում։ Ես մտածում եմ, որ ես ամեն օր աշխատել եմ, որպեսզի ավելի լավը լինեմ։ Իսկ գումարները կգան, թե ոչ, դա ինձ համար առաջնային չէր։  Ես իմ սիրտն եմ ներդրել ֆուտբոլի մեջ։ Ես ցանկանում էի նաեւ երկրպագուների համար լինել ավելի լավը։ Ֆուտբոլը դարձել է բիզնես, թիմերը ընկերություններ են։ Բայց ես չեմ ցանկանում դա տեսնել։  Մեր նպատակը մեր կրքին հետեւելն ու ֆուտբոլ խաղալն էր։

Արգենտինայի հավաքականի մոտ այդքան էլ ամեն բան հարթ չի ընթանում։ Հնարավո՞ր է դուրս չգան Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

Գուցե… բայց ես այդ հարցին կպատասխանեմ այն ժամանակ, երբ դուրս չգան։ Այժմ դեռ դա չի պատահել։

Ո՞ւմ եք համարում բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ։

Ինձ համար դա Մարադոնան է։ Ես մեծացել եմ նրա խաղերը դիտելով։ Ես չեմ տեսել Պելեի խաղերը։ Մեզ համար Դիեգոն արտասովոր ու մի մեծ բան է։

Վերա Մարտիրոսյան