Երեւանի էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, շարունակվում է Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը: Այսօր սկսվում է դատաքննության բուն ընթացքը. կհրապարակվի մեղադրական եզրակացությունը:

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։ Սեպտեմբերի 19-ին նախորդ նիստը չէր կայացել, քանի որ փաստաբանները չէին ներկայացել:

Անդրիաս Ղուկասյանը չի ընդունում մեղադրանքները՝ պնդելով, որ իրարարքներում հանցակազմ չկա: Նա միջնորդել է որպես վկա հարցաքննության հրավիրել Եղիշե Պետրոսյանին եւ Լեւոն Բարսեղյանին: Նաեւ միջնորդել է տուժողների ցուցակից հանել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, քանի որ նա այդ օրն այնտեղ չի եղել:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: