Ամեն մի գիրք ունի իր օգտակարությունը, բովանդակությունը եւ տգետը միայն կարող է ասել՝ այս գիրքը պիտանի է, այդ գիրքը՝ անպիտան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն՝ անդրադառնալով Շիրակի պետական համալսարանում ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից 15 տոննա գրքերի վերացմանը։

«Եթե նման բան իսկապես եղել է, չգիտեմ՝ ինչ գնահատական տամ դրան, որովհետեւ չկա անպետք գիրք», - նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ինքը համաձայն չէ նաեւ ռեկտորի այն որոշման հետ, որ վերջինս միացրել է առկա եւ հեռակա ուսուցման դասերը:

Անդրադառնալով տեսակետին, թե ինքը վատաբանում է գործող ռեկտորին, որ նորից ինքը նշանակվի ռեկտոր, Վարդեւան Գրիգորյանն արձագանքեց, որ նման մտադրություն չունի. «Եթե դա կապում են իմ՝ ռեկտոր գնալու ձգտման հետ, ապա ես բազմիցս ասել եմ, ես երկրորդ անգամ այդ գետը մտնող չեմ։ Ես ունեմ աշխատանք, ոչ պակաս կարեւոր, քան ռեկտորի պաշտոնն է»:

Ինչ վերաբերում է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հայտարարությանը, թե Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող զարգացումները միջանձնային բնույթի են, նա նշեց. «Նախարարը հայտարարեց, որ այնտեղ կլինեն համապատասխան ստուգումներ։ Դրանց արդյունքում նոր եզրակացություն կանեն։ Եթե ուսումնական պրոցեսն իսկապես խաթարվել է, արդեն նախարարության խնդիրն է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի չտուժի ուսանողի կրթության խնդիրը»:

Հիշեցնենք, օրերս համալսարանի դասախոսները բաց նամակ էին ուղղել ՀՀ նախագահին եւ վարչապետին՝ ահազանգելով, որ ռեկտորը ոչնչացնում է համալսարանի գրադարանը, իսկ ուսանողները դասադուլ էին հայտարարել։ ԿԳ նախարարը հանդիպել էր բողոքող դասախոսների հետ, որից հետո հայտարարել էր, որ այդ ամենը միջանձնային հարաբերությունների հետեւանք է: