ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ նորածնի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով Տավուշի մարզի բնակչուհին, գտնվելով 36-37 շաբաթական հղիության ընթացքում, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ծննդաբերել է իրենց առանձնատան պատշգամբում մոր՝ 1960թ. ծնված կնոջ ներկայությամբ։

Ծնվելուց հետո երեխան  ճիչ է արձակել, ապա, ըստ բացատրությունների, լռել, որից հետո ծննդկանի մայրը երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ եւ գցել հարակից այգում կառուցված արտաքնոցի փոսի մեջ: Ըստ կնոջ հայտարարության՝ կարծել է, թե նորածինը մահացել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ նորածնի դիակի եւ ծննդկանի նկատմամբ։