Վրաստանի արեւմուտքում չդադարող անձրեւների պատճառով ջրով են ծածկվել Վրաստանի Սեւ ծովի ափին գտնվող Ուռեկիի բնակելի 4 տների առաջին հարկերը, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Ուրեկիի շրջանային վարչակազմի տեղեկություններով՝ ջրածածկ են եղել Ծերեթելի փողոցի 2 տներ եւ 2 տուն էլ Մեսխիի փողոցում: Վնասվել է տանտերերի կենցաղային տեխնիկան եւ կահույքը:
Այնտեղ են ուղարկվել փրկարար ծառայության եւ շտապ օգնության աշխատակիցներ: Ուրեկիում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ չկան:

Եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ ռեժիմով է աշխատում Գուրիայի շրջանային վարչակազմը: Անձրեւների հետեւանքով տուժել են նաեւ Աջարիայի բնակիչները: Քոբուլեթիի շրջանում սողանքներ են գրանցվել:

Ավտոտրանսպորտի երթեւեկությունը սահմանափակվել է Քոբուլեթիում, Լեգվայում եւ Խալայում: Քոբուլեթիում տարերքի դեմ պայքարի արտակարգ շտաբ է ստեղծվել: Ինտենսիվորեն մաքրվում են գյուղական ճանապարհները, որոնք սողանքով են ծածկվել: