Ընդդիմությունը խոսում է Եվրասիական միության թերությունների մասին, սակայն չի պարզաբանում, թե Հայաստանն ինչ կարող էր ստանալ մյուս ինտեգրացիոն դաշինքներից: Հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ելույթ  ունենալով «Ելք» դաշինքի առաջարկած Եվրասիական միությունից երկրի դուրս գալու մասին հայտարարության նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ հարկավոր է մտածել ոչ միայն ԵՏՄ-ի թերությունների մասին, այլեւ այն մասին, թե ինչ է Հայաստանն այնտեղ ստացել: Իսկ նա ստացել է գազի գնի 30 տոկոսով էժանացում՝ էլ չասած մարդկանց տեղաշարժի եւ ապրանքների արտահանման հետ կապված շատ այլ առավելությունների մասին: «2014 թվականի դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ վավերացրեց ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: Ըստ որում՝ վերջին նախընտրական արշավի ընթացքում «Ելք» դաշինքն այս քվեարկությունը չի վիճարկել»,- նշեց Շարմազանովը: