Լաս Վեգասում հրաձգությունից մահացած Սոննի Մելթոնը փրկել է կնոջ կյանքը, սակայն ինքը զոհվել է։

Բժիշկ Սոննի Մելթոնն ու նրա կինը՝ Հիզերը, Լաս Վեգաս էին եկել Թեննեսիի նահանգից։

Տեղական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Հիզերը պատմել է, որ չի կարող հավատալ տեղի ունեցածին։ «Հիմա ես չեմ կարող հավատալ կատարվածին, ես հուսաահատված եմ։ Ես չգիտեմ, թե ինչ ասեմ։ Սոննին ամենաբարի, սիրող մարդն էր, որին ես երբեւէ հանդիպել էի։ Նա փրկեց իմ կյանքը եւ կորցրեց իրենը»,- ասել է նա։

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ամերիկացի Սթիվեն Փեդոքը Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի 32-րդ հարկից կրակ էր բացել քանթրի երաժշտության Route 91 փառատոնի այցելուների վրա Լաս Վեգասում։

Հանցագործությունը կատարելուց հետո, մինչեւ ոստիկանների ժամանելը Սթիվենն ինքնասպան էր եղել։ Ոստիկանները 23 միավոր հրազեն են գտել Mandalay Bay հյուրանոցում եւ 19 միավոր էլ՝ Փեդոքի տանը: Լաս Վեգասում հրաձգության զոհերի թիվն հասել է 59-ի, 527 մարդ էլ վիրավոր է։