Եվրասիական միությունից դուրս գալով Հայաստանը միայն գազի մասով 360 մլն դոլար կկորցնի: Հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում այս մասին նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ ելույթ ունենալով ԵՏՄ-ից երկրի դուրս գալու վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝  ամենակարեւոր գործոններից մեկը գազն է: 2016 թվականին Հայաստանը 1 մլրդ 900 մլն խոր.մետր ռուսական գազ է ներմուծել խորանարդ մետրը 150 դոլար գնով: ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում այս գինը, բնականաբար, կհասնի ԱՊՀ երկրների մակարդակին: Օրինակ՝ Մոլդովան գազը 339 դոլարով է գնում: Նույնպիսի ներմուծման պայմաններում լրացուցիչ ծախսերը կկազմեն 360 մլն դոլար: «Եվ այս փողերը կդրվեն մեր արտադրողների ուսերին: Այսինքն՝ մեր ապրանքները ոչ մրցունակ կդառնան»,- շեշտեց Գեղամյանը:

Պատգամավորն այնուհետեւ հավելեց, թե չպետք է մոռանալ, որ կթանկանա նաեւ ջերմակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը (ռոսական գազով է գեներացվում Հայաստանի էլեկտրականության 10-12 տոկոսը): «Դրանից բացի, Հայկական ԱԷԿ-ը աշխատում է ջրաջրային էներգետիկ ռեակտորով, որը պահանջում է բացառապես ռուսական միջուկային վառելիք»,- եզրափակեց Արտաշես Գեղամյանը: