Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թվականի միջոցառումների իրականացման ընթացքը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զեկուցվել է, որ ընթացիկ տարվա համար նախատեսված 49 միջոցառումից արդեն իսկ իրականացվել է 22-ը: Մնացած 27-ը գտնվում են ընթացքի մեջ, եւ նախատեսվում է դրանք ավարտին հասցնել ըստ սահմանված ժամանակացույցի՝ մինչ նոյեմբերի վերջ: Ըստ զեկուցողների՝ ակնկալվում է, որ 2017թ.-ի միջոցառումների իրականացման արդյունքում Համաշխարհային բանկի անենամյա զեկույցում մեր երկիրն իր դիրքը կբարելավի մի քանի կետով: Հայաստանը նախորդ տարի դիրքը բարելավել է 5 կետով եւ զբաղեցրել 38-րդ հորիզոնականը:

Միջոցառումներն իրականացվում են բիզնես սկսելու եւ զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավման ուղղությամբ: 

Վարչապետ Կարապետյանը պատասխանատուներից պահանջել է ակտիվ աշխատել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների  հետ՝ միջոցառումների արդյունավետությունը գնահատելու նպատակով, ինչպես նաեւ հետադարձ կապ պահպանել բիզնես հանրության հետ՝ վերջիններիս մտահոգող հարցերը, առաջարկությունները քննարկելու եւ խնդիրներին լուծումներ գտնելու համար: Կառավարության ղեկավարը հանձնարարել է բիզնես միջավայրի բարելավման հարցերը պարբերաբար քննարկելու նպատակով ստեղծել կանոնավոր գործող հանձնաժողով՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին: