Սեպտեմբերի 30-ին ՊԲ միավորումներից մեկում տեղի է ունեցել 2017թ. 3-րդ եռամսյակի արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին ներկա է եղել նաեւ ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:

Խորհրդակցության մեկնարկին միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետը հանդես է եկել ներածական խոսքով, որում անդրադարձել է կատարել հաշվետու ժամանակահատվածում իրականացված եւ դեռեւս շարունակվող աշխատանքներին: Այնուհետեւ ըստ առանձին ուղղությունների հանգամանալից զեկույցներ են ներկայացրել նաեւ միավորման հրամանատարի տեղակալները, ովքեր, անդրադառնալով զորամասերի մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքներին, խոսել են զինվորական կարգապահության եւ զորքերի բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործման, զորքերի տեխնիկական, թիկունքային եւ ինժեներական ապահովման հարցերից: Զեկույցների ամփոփմամբ հանդես է եկել միավորման հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանը, ով ամբողջացնելով հաշվետու եռամսյակի ընթացքում իրականացված գործընթացների համալիրը, նշել է, որ չնայած տեղ գտած որոշակի թերացումներին, միավորման ենթակա զորամասերն ու ստորաբաժանումներն իրենց առջեւ դրված մարտական խնդիրը կատարել ու կատարում են լիարժեքորեն, ինչին նպաստում են նաեւ ներդրված նորագույն տեխնիկական միջոցները:

Բանակի հրամանատարը, գնահատելով անցնող եռամսյակում միավորման կողմից իրականացված աշխատանքները, առանձին հանձնարարականներ է տվել զորամասերի մարտական պատրաստականության կատարելագործման ուղղությամբ եւ իր գոհունակությունը հայտնել բոլոր այն զինծառայողներին, ովքեր իրենց դրսեւորել են լավագույն կողմերով՝ հորդորելով այսուհետ եւս ծառայությունը շարունակել նույն ոգով ու եռանդով: