Երեւանի բնակարանային շուկայի մասին պաշտոնական տվյալներում ուշագրավ պարադոքս է նկատվում։ Էությունը սա է։ Օգոստոսին բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվն աճել է տարեկան կտրվածքով գրեթե 9,9 տոկոսով, սակայն միջին շուկայական արժեքները գրեթե բոլոր վարչական շրջաններում նվազել են։ Միակ բացառությունը Կենտրոն վարչական շրջանն է, որտեղ մեկ քմ-ի գինն աճել է 5,7 տոկոսով։

Մինչդեռ որոշ շրջաններում գների նվազումը մոտենում է երկնիշ թվին։ Այսպես, Նոր-Նորքում եւ Աջափնյակում մեկ քմ-ն նվազել է 9,9 տոկոսով, Դավթաշենում՝ 9,2 տոկոսով։ Ամենացածր նվազումը («ընդամենը» 0,9 տոկոս) արձանագրվել է քաղաքի ամենափոքր շրջանում՝ Նուբարաշենում։

Նախավերջին տեղում Արաբկիրն , որտեղ գները նվազել են 4,2 տոկոսով։ Ի դեպ, այդ շրջանում (նաեւ մի քանի այլ շրջաններում եւս) պետական ծրագրերի շրջանակներում մատչելի բնակարանների շինարարություն է ընթանում։ Նման բնակարանների վաճառքներն ազդում են ընդհանուր միջին գների հաշվարկի վրա։

Հայտնի փաստ է՝ բնակարանային շուկայում վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները։ Դա մի շարք գործոնների պատճառով է։ Այսպես, հանրապետության մշտական բնակչության թվաքանակն անշեղորեն նվազում է։ Խոսքն ամենեւին էլ ծնելիության նկատմամբ մահացության գերազանցության մասին չէ։ Ընդհակառակը, դատելով նույն այդ պաշտոնական թվերից, այդ առումով էլ դրական միտումներ են։ Պարզապես, մարդիկ արտագաղթում են երկրից։

Մեկ այլ գործոն. Բնակչության շերտավորումը եկամուտներով վաղուց արդեն ձեւավորվել է եւ շոշափելի փոփոխությունների չի ենթարկվում։ Այն իմաստով, որ սոցիալական վերելակը դեպի «վեր» խցանվել է։ Բնակարանային բումի տարիներին հանրության ապահովված հատվածը հասցրել է բնակմակերես գնել՝ իր ֆինանսական հնարավորությունների եւ անձնական նախապատվությունների համապատասխան։ Պատկերավոր ասած, պահանջարկի առաջին հզոր ալիքն անցել է, իսկ երկրորդը չի էլ սկսվել։

Ինչ վերաբերում է Կենտրոնում գների վերոնշյալ աճին, դա կարելի է մեկնաբանել լայն իմաստով։ Ասենք, հանրության մեջ տարածված մտայնությամբ, որ պաշտոնական թվերը վերցրել են առաստաղից։ Նշենք սակայն, որ օտարերկրյա գնորդների (օրինակ, մեր սփյուռքի ներկայացուցիչների) շրջանում հենց այդ վարչական շրջանի բնակարաններն են հարգի։

Սմբատ Գրիգորյան