«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաները պատրաստվում են տարածաշրջան հերթական այցն, որն առաջինը կլինի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի համար: Այցի բուն նպատակը լինելու է Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպումը, ինչի մասին հայտարարվել է նախապես: Հատկանշական է, որ համանախագահների տարածաշրջանային այցին ընդառաջ Սարգսյան-Ալիեւ հանդիպման վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են ի հայտ գալիս ռուսական մամուլում այն մասին, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը պետք է քննարկվի «Լավրովի պլանն» ու ապահովվի առաջընթաց, այլապես պատերազմն անխուսափելի է: Իսկ պատերազմը կանխելու համար, ըստ այդ հրապարակումների, Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի եւ այդ քայլերի առումով ակնարկվում է Հայաստանում Սերժ Սարգսյանից ազատվելու անհրաժեշտության մասին:

Ակնհայտ է, որ գործ ունենք Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ Սարգսյանի վրա հոգեբանական գրոհի հետ: Ռուսաստանն է իրականացնում այդ գրոհը, թե Ռուսաստանի օգնությամբ փորձում է դա անել Ադրբեջանը: Իհարկե բավական բարդ է ասել, սակայն լիովին պարզ է դրա շարժառիթը: Բանն այն է, որ Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումը ամենայն հավանականությամբ կարող է դառնալ բանակցային նոր փուլի սկիզբ, որտեղ բուն խնդիրը ոչ թե կարգավորման որեւէ պլանն է, այլ այսպես ասած իմիտացիոն նոր գործընթաց, որը կլինի ներկայիս թեկուզ հարաբերական կայունությունը շարունակելու նվազագույնը միջնաժամկետ մեխանիզմ, մինչ առավել հուսալի միջազգային մեխանիզմ ձեւավորելու հնարավորությունը:

Ըստ էության, համանախագահներ ԱՄՆ ու Ֆրանսիան փորձում են Սարգսյան-Ալիեւ բանակցության միջոցով հասնել միջանկյալ մի հանգրվանի, որը թույլ կտա կանխատեսելի ժամանակ շահել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների առավել ինստիտուցիոնալ հարցն առաջ տանելու համար: Ադրբեջանը ներկայումս հայտնվելով բավականին բարդ վիճակում, անկարող է միայնակ դիմադրել այդ գործընթացին: Եվ այստեղ Բաքուն անկասկած ապավինում է Ռուսաստանի աջակցությանը, որպեսզի Ռուսաստանի օգնությամբ խափանվի Սարգսյան-Ալիեւ հանդիպմամբ իմիտացիոն նոր փուլ սկզբնավորելու որեւէ պայմանավորվածություն:

Ռուսաստանն այստեղ այսպես ասած կանգնած է երկընտրանքի առաջ: Մի կողմից իմիտացիոն նոր փուլը ենթադրելու է հակամարտության ռազմական մենեջմենթի հարցում նահանջ, մյուս կողմից այդ նահանջը թույլ չտալու դեպքում Ռուսաստանը կանգնում է Հայաստանի հանրության մոտ խնդիրների առաջ, քանի որ եւս մեկ այսպես ասած ապրիլյան ռազմական գործողություն եւ Ռուսաստանի ոչ դաշնակցային պահվածք, եւ Մոսկվան կարող է հրաժեշտ տալ Հայաստանին: Կարճաժամկետ իմաստով Ռուսաստանի համար Բաքվի առաջարկը գրավիչ է, սակայն երկարաժամկետ իմաստով այն բերելու է Կովկասում եւ Հայաստանում Ռուսաստանի ռազմավարական քաղաքականության ճգնաժամի ակնհայտ խորացման եւ Սարգսյան-Ալիեւ բանակցությամբ կանխատեսելի ժամանակ շահելու եւ հարաբերական կայունությունն ապահովելու նվազագույն խնդիրը Մոսկվայի համար էլ առնվազն միջնաժամկետ էֆեկտիվության հարցում կարեւոր է:

Սակայն, հաշվի առնելով ռուսական քաղաքականության եւ քաղաքական որոշումների ձեւավորման համակարգի իռացիոնալ բնույթը, ամենեւին զարմանալի չի լինի, եթե ի վերջո կայացվի որոշում ոչ թե երկարաժամկետ կամ գոնե միջնաժամկետ, այլ կարճաժամկետ շահի նախապատվությամբ: Իսկ դա առաջացնում է ռիսկեր ոչ միայն արցախյան խնդրում, այլ նաեւ Հայաստան-ԵՄ գործընթացում, որովհետեւ այն կարող է դառնալ Երեւանի նկատմամբ շանտաժի միջոց՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ համապատասխան պահվածք թելադրելու համար, որը կխափանի կանխատեսելի ժամանակ շահելու Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ եւ Ֆրանսիայի առաջնահերթությունը:

Այդ տեսանկյունից, Հայաստանը ներկայումս մտնում է խորքային առումով բավականին լարված մի փուլ, որը պահանջելու է չափազանց նուրբ աշխատանք թե Արեւմուտքի, թե Ռուսաստանի հետ: Միեւնույն ժամանակ, նկատելի է նաեւ այն, որ այդ նուրբ հրամայականին զուգահեռ, բավական կոշտանում է ներիշխանական դիմակայությունը, ինչը անկասկած հավելյալ բարդություն է ներկայիս փուլում: Մյուս կողմից, դա իհարկե բերելու է նաեւ ներիշխանական «լյուստրացիայի» եւ եթե Սերժ Սարգսյանը հաղթահարի արտաքին այդ փուլը, ապա դրանից հետո ամենայն հավանականությամբ իշխանության ներսում սկսվելու է այսպես ակտիվ ասած զտման նոր փուլ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում