Լաս Վեգասում հրաձգության հեղինակ Սթիվեն Քրեյգ Փեդոքը հաճախ էր խաղատներ այցելում եւ կոպիտ էր շփվում իր ընկերուհու հետ, գրում է Los Angeles Times–ը։

Փեդոքը Մեսքօթ քաղաքի բնակիչ էր եւ գրեթե միշտ լինում էր Virgin River խաղատանը։ Ընդ որում, Փեդոքին եւ նրա ընկերուհի Մերիլ Դենլիին լավ գիտեին խաղատան Starbucks սրճարանում։ Սրճարանի աշխատակիցների խոսքով՝ Փեդոքն ընկերուհուն հրապարակավ նվաստացնելու սովորություն ուներ։

Նրան հիշում են որպես բարձրահասակ, գարեջրից գիրացած փորով մարդու՝ աչքերի տակ կապույտ փոսերով։ Մի անգամ Դենլին խնդրել էր նրա քարտը, որպեսզի խաղա խաղատանը։ Այդպիսի քարտերով կարելի է միավորներ կուտակել եւ խաղատան տարածքում մթերք գնել այդ միավորներով։ «Նա վերեւից նայեց կնոջ վրա եւ ասաց, որ դրա համար բոլորովին էլ քարտ պետք չէ։ Ես առանց այդ էլ վճարում եմ քո խմիչքի եւ առհասարակ քեզ համար»,– պատմել են սրճարանի աշխատակիցները։

Ողբերգության օրը 62-ամյա Մերիլու Դենլին, որը Ավստրալիայի քաղաքացի է, Ֆիլիպիններում է եղել։ Փեդոքը նախկին կնոջից բաժանվել էր 27 տարի առաջ եւ երեխաներ չունի։