Նորագավիթում հոկտեմբերի 3-ի երեկոյան կրակոցների հետեւանքով վիրավորված Սամվել Ավագյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ի վաղ առավոտյան մահացել է: NEWS.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել դեպքի մասին:

Մեզ հասած տեղեկություններով, Սամվել Ավագյանն իրենց բակում նստած է եղել, երբ մեքենայով մոտեցել են անհայտ անձինք եւ կրակել նրա վրա: Իրավապահները դեռ չեն հայտնաբերել կրակողներին: 

Սամվել Ավագյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել: Ուշագրավ է, որ նա դուրս է եկել տան բակ՝ դիմավորելու որդուն, որը եկել էր Ռուսաստանից իրեն տեսակցելու: Մինչ որդու ժամանելը նրա վրա կրակել են, եւ նա չի հասցրել տեսնել որդուն:

Նշենք, որ Սամվել Ավագյանն ամուսնացած էր, ունի երեխաներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում հոկտեմբերի 3-ի երեկոյան կրակոցներ են հնչել: Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթի 8-րդ փողոցում: Կրակել են 48-ամյա տղամարդու վրա, որը մարմնի տարբեր մասերում հրազենյաին վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: